ԱՄՆ պետդեպը նախատել է ՀՀ -ին և Ադրբեջանին ԵՍԶՈՒ-ի մասին պայմանագրի խախտման համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի խախտումների մասին:
2019 թվականին Հայաստանում զրահատեխնիկայի ընդհանուր քանակը (AIFV) շարունակում էր գերազանցել սահմանափակ սպառազինության մասին պայմանագրի (TLE) թույլատրելի սահմանը, նշվում է Պետդեպարտամենտի` սպառազինությունների վերահսկման, չտարածման եւ զինաթափման պայմանագրերին եւ պարտավորություններին հետեւելու մասին զեկույցում:
Ըստ զեկույցի, որին հղում է կատարում News.am-ը, մտահոգիչ է նաեւ սույն պայմանագրով նախատեսված մի շարք այլ պարտավորությունների չկատարումը:
Ինչպես նշվում է զեկույցում, Ադրբեջանում 2019-ին երկրի սպառազինությունների ընդհանուր քանակը շարունակել է գերազանցել զենքի սահմանափակման մասին համաձայնագրի սահմանները, չեն կատարվել նաեւ պայմանագրով նախատեսված որոշ այլ պարտավորություններ:
Զեկույցում նշվում է նաեւ Ռուսաստանի կողմից պայմանագրի կասեցման հարցը: Ըստ զեկույցի` 2007 թվականին Ռուսաստանը «կասեցրել» է պայմանագրի իրականացումը եւ այդ պահից սկսած շարունակում է խախտել պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները: «Բացի այդ, Ռուսաստանի զորքերի տեղակայումը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածքներում առանց այդ երկրների համաձայնության շարունակվել է մինչեւ 2019 թվականը», - նշվում է զեկույցում: