The Wall Street Journal-ն անդրադարձել է Կեսարիայում ապրող միակ հայի՝ Սարգիս Թեքեի կյանքին՝ նրան անվանելով իր կենդանությամբ միակ վկան՝ Կեսարիայում երբևէ գոյություն ունեցած հայկական կյանքի: Սարգիս Թեքեին մամուլը հաճախ է անդրադառնում, նրա հետ հարցազրույց է արել նաև Թուրքիայում լույս տեսնող «Ակոսը», գրելով, որ Կեսարիայի Թալաս գավառում ապրող միակ հայը՝ Սարգիս Թեքեն, իր ապրած կյանքով դարձել է շրջանի հեղինակությունը: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում է arevelk.am-ը:
Նրա մականունը «քաբադայ» է, ինչը «քաջ», «կռվազան» իմաստն ունի: Սարգիս Թեքեն շրջանում հեղինակություն է վայելում նախ քաջության, ապա՝ հայության հետք չպահպանած այդ շրջանում իր արմատներից չհրաժարվելու, հայկական ինքնությունը համառորեն պահելու համար: Նա թևի վրա դաջել է անունը՝ Սարգիս և ընդունում ու ճանապարհում է շրջան այցելող բոլոր հայերին: Երբ նրան հարցնում են, թե ինչո՞ւ է անունը դաջել թևին, ասում է՝ մարդ ես, չպատահի վախենաս, ինքնությունդ ուրանաս:
Սարգիս Թեքեն յուրացրել է «հեղինակություն» մականունը և նշում է, որ այն երբեք չպետք է շփոթել այլ պիտակի հետ. «Այս բառի իմաստը խորն է: Նախ դաստիարակված, բարեկիրթ պետք է լինի «քաբադայը»: Պիտի իմանա թե իր տեղը և թե դիմացինի արժանիքը և այդ արժանիքին համապատասխան պիտի վերաբերվի շրջապատին: Այդ մականունը կրողը օրինակելի պիտի լինի: Հեռու պիտի լինի հանցանքից ու հանցագործությունից, կռվից ու կռվազանությունից: Բայց եթե պետք է՝ առանց աչքը թարթելու պիտի մտնի կռվի մեջ»,-Սարգիս Թեքեի խոսքերն է փոխանցել թերթը:
Թալասի վերջին հայն ասել է, որ այդ սկզբունքները գործադրելով է, որ ինքը կարողացել է չհեռանալ 300 տարվա կենսագրություն ունեցող իր պապենական տնից և բնակվել այնտեղ:
«100 տարի առաջ Թալասի բնակչության մեծամասնությունը հայեր էին, բոլորն էլ գաղթեցին: Նախ՝ Պոլիս, ապա՝ ԱՄՆ կամ Եւրոպա գնացին: Այն, ինչ որ մնացել էր նրանց նախնիներից, կողոպտվեց տեղացիների կողմից: Իմ ունեցվածքի վրա էլ աչք ունեին: Ես տեր կանգնեցի, իմ պապենական ունեցվածքը պահելու համար մարդ էլ սպանեցի, այդ էլ հատուցեցի, 12 տարի բանտարկվեցի, այսօր արդեն հպարտությամբ եմ ապրում Թալասում, բոլոր թշնամիներս էլ թողել հեռացել են»,-պատմել է շրջանի ամենաքաջ մարդու համբավ ունեցող հայը: Նա ավելացրել է, որ կյանքի հանգամանքներն այնպես են դասավորվել, որ չի ամուսնացել, ընտանիք չի կազմել, նշելով, որ կյանքն ամեն մեկի համար մի ճանապարհ է բացել, իր ճանապարհն էլ այն կյանքն է, որով այսօր ապրում է:
Այստեղ ամենավատն այն է, որ քաբադայը (գողական) լինելը վատ բան են համարում, սակայն քաբադայըն ու մաֆիան տարբեր բաներ են։ Քաբադայությունը՝ ջենթլմենություն է։ Քաբադայը միշտ կանգնում է աղքատի, ճնշվածի ու անտերի կողքին։ Սա է քաբադայությունը։ Ես քաբադայ եմ, մի թե՞ վատն եմ։ Ամեն մեկի համար ձեռքիցս եկածն անում եմ։ Իսկ մաֆիան մարդ է սպանում, դրդում պոռնկության, թմրամիջոցներ վաճառում։ Երբեք որեւէ մեկի հանդեպ սխալ բան չեմ արել։ 8 հոգի ինձ սպանելու համար դանակներով հարձակվեցին վրաս։ Երեքին դանակահարեցի, մյուսները փախան ու չկարողացան սպանել ինձ։ Իմ պարանոցին Հիսուս Քրիստոսով խաչն է։ Քրիստոսն է ինձ պահպանել։
«Գիտեմ, որ հայերը նամուսով, թասիբով ու ճիշտը ասող ազգ են: Հայերեն գրեթե չգիտեմ, բայց «Հայր մերը» գիտեմ»,-ասել էր Սարգիս Թեքյանը։ «Պապս մահացել է 90 տարեկանում։ Նա խոշոր առեւտրական էր։ Նա գնում ու վաճառում էր 500-ից 1000 գլուխ ոչխար։ Եթե այն ժամանակ Կայսերիում խոշոր 5 առեւտրական կար, դրանցից մեկն իմ պապն էր։
Այնուհետ եկան մեր աշխատանքին ու վաստակին աչք դնողները։ Երբ ես 18 տարեկան էի, մեզ ստիպում էին հեռանալ այստեղից։ Ամերիկյան քոլեջի հետնամասում 50 հազար քմ հող ունենք։ Իհարկե, ես դեմ դուրս եկա ու պայքարեցի։ Եթե չպայքարեի, ամեն ինչ մեր ձեռքից տանելու էին։ Երկու եղբայր դուրս եկան դիմացս, ուզեցին ինձ ծեծել, սակայն երկուսին էլ դանակով ցանց սարքեցի։ Դրանից հետո բանտ ընկա։ Բանտից դուրս գալուց հետո կրկին որոշ մարդկանց դանակահարեցի։ Եւ բոլորը հասկացան, որ անօգուտ է փորձել ինձնից բան խլել ու հեռացան այստեղից։ Հիմա արդեն հանգիստ ենք, մեզ բան ասող չկա։