23.11.2024
Հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք, գրանցվել է մեկ մահ
prev Նախորդ նորություն

Անցյալը խմբագրելու ցավոտ գործընթաց. ԱԺ-ն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը

Ազգային ժողովը ապրիլի 16-ին ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը։

Քվեարկությանը ձեռնպահ և դեմ է քվեարկել միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:  


Facebook-ի իր էջում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը գրել է, որ օրենքը կոչված է պետությանը՝ այսինքն հանրությանը, վերադարձնելու պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հանցավոր ճանապարհով կուտակած հարստությունը։


«Այսպիսով մեր քաղաքական հանձնառությունը, իհարկե, այս պահին դեռ միայն օրենսդրական մակարդակում, իրականցված է: Հաջորդիվ անելիքները ՀՀ դատախազության տիրույթում է և, իհարկե, դա էլ իր հերթին հանրային և խորհրդարանական վերահսկողության ներքո պետք է պահենք։ Դատախազությունն այս գործերով տարեկան հաշվետվություն է ներկայացնելու:


Առաջիկա տարիներին անցյալը խմբագրելու այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումների մեջ։ Պարզ է, որ մի կողմից ապօրինի հարստացածները իրենց կյանքը, անունը, կարիերան են դրել դրա մեջ և հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից հնարավոր բոլոր ձևերով, մյուս կողմից էլ, սակայն, առանց արդարության վերականգնման չի մարելու հանրության դժգոհությունը, եթե պետության կորցրած մասշտաբային հարստությունը չվերադարձվի։

Հետևաբար հաշտեցման և արդարության վերականգնման ամենից ընդունելի եղանակն է դառնում այս օրենքի առաջարկած մեխանիզմը՝ քաղաքացիական վարույթի միջոցով ապօրինի գույքի վերադարձը, որը, սակայն, չի հանգեցնում ազատազրկման կամ այլ պատժաձևի։ Այս ճանապարհին բոլորս պետք է զինվենք համբերությամբ, ինչպես նաև հետամուտ լինենք, որ իրավապահ մարմինները, որոնք հիմնական դերակատարներն են այսուհետ, պատշաճ կատարեն իրենց աշխատանքը։

Եթե կա կասկած, որ ունեցվածքն ապօրինի է, ապա ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և գույքը բռնագանձվում է, եթե պատասխանողը չի կարողանում ապացուցել դրանց ստացման օրինական աղբյուրը։

Ունեցվածքի ուսումնասիրության ժամանակահատվածը ներառում է վերջին 10 տարին, իսկ բացառիկ դեպքերում, երբ պահպանվել են փաստական ապացույցները, մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 21-ը: Ապօրինի գույքը ենթակա է բռնագանձման, եթե անձի օրինական եկամուտների և իր տիրապետած գույքի շուկայական արժեքի տարբերությունը 50 մլն և ավելի ՀՀ դրամ է»,- գրել է Նազարյանը: