Հայաստանում պաշտոնատար անձանց վեթինգ է լինելու. նախարարություն
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է մանրամասներ՝ պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման վերաբերյալ։
Այդպես, նշվում է, որ բարեվարքության և գույքային դրության ստուգման լիազորությամբ օժտված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ)։ Հանձնաժողովն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, Հանրային ծառայության օրենքով նախատեսված կարգով նշանակման ենթակա անձանց, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում իրականացնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում է խորհրդատվական եզրակացություններ։ Թեև Հանձնաժողովի եզրակացությունն ունի խորհրդատվական բնույթ, այն կարող է հիմք հանդիսանալ թեկնածուների՝ տվյալ պաշտոնում չնշանակվելու համար։
Ինչ վերաբերում է գործող դատավորներին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին և ՍԴ դատավորներին, ապա Հանձնաժողովը ստուգելու է վերջիններիս հայտարարագրերը, ընդ որում՝ խոսքը այս տարիների ընթացքում ներկայացված բոլոր հայտարարագրերի մասին է:
Հանձնաժողովը ստուգելու է նշված սուբյեկտային կազմի գույքային դրությունը՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։
Նշվում է, որ օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի մեկից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայում գործող իրավակարգավորումներին համապատասխան։ Հայտարարագրերի վերլուծության արդյունքում խախտումների հայտնաբերման դեպքում Հանձնաժողովը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ, որոնց թվում է նաև իրավապահ մարմիններին հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ հայտնելը։
Վերջին գործողությունը համապատասխան պայմանների, այսինքն՝ հնարավոր քրեական իրավախախտման վերաբերյալ կասկածի առկայության դեպքում պետք է կատարվի ցանկացած ժամանակահատվածում ներկայացված հայտարարագրի վերլուծության դեպքում՝ անկախ նրանից, թե որ տարեթվի հայտարարագիր է վերլուծության ենթարկվում:
Հատկանշական է, որ ՀՀ նախագահի ստորագրմանը սպասող օրենսդրական փաթեթի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո, ի տարբերության այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ նշյալ խումբ պաշտոնատար անձանց համար հայտարարագրման դրույթների էական խախտումը կարող է հանգեցնել նաև կարգապահական պատասխանատվության և հիմք հանդիսանալ վերջիններիս լիազորությունների դադարեցման համար։