ՀՀ-ում կորոնավիրուսի տարածմամբ 2020-ին ընթացիկ հաշվի պակասուրդը զգալիորեն կկրճատվի. ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ին տնտեսության զարգացումներին և ընթացիկ հաշվի պակասուրդի ակնկալվող փոփոխությունը՝ կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում:
Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վճարային հաշվեկշռի տվյալների՝ ընթացիկ հաշվի պակասուրդը 2019թ.-ին կազմել է 1.12 մլրդ ԱՄՆ դոլար:
2020թ.-ին կորոնավիրուսի համաճարակի աշխարհով մեկ տարածման հետևանքով ՀՀ-ում տնտեսական աճի տեմպը, որն ավելի ցածր կլինի 2019թ.-ի ցուցանիշից, հիմնականում պայմանավորված է լինելու Կառավարության կողմից ձեռնարկված ներքին պահանջարկի խթանմանն ուղղվող միջոցառումներով` վերջնական սպառմանն և շինմոնտաժային աշխատանքների վրա ուղղվող ծախսերի ավելացման ճանապարհով:
Արտահանման ծավալների (ապրանքների և ծառայությունների) աճի տեմպը զգալիորեն կնվազի և կզիջի 2018թ.-ի ցուցանիշին: Ներմուծման ծավալները ևս զգալիորեն անկում կգրանցեն, որի հետևանքով կարձանագրվի ընթացիկ հաշվի պակասուրդի զգալի բարելավում` պայմանավորված հետևյալով.
1. Ապրանքների արտահանում և ներմուծում: ՌԴ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, դեպի ՌԴ, ինչպես նաև պղնձի հանքաքարի խտանյութի, հիմնային մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալները կկրճատվեն: Կավելանա հիմնականում ԵԱՏՄ և հատկապես ՌԴ-ից ներմուծման ծավալները` հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների: Հատկապես արտահանման ծավալների կրճատմամբ միջանկյալ սպառման համար նախատեսված ապրանքների ներմուծման ծավալների անկում կգրանցվի:
2. Ծառայությունների արտահանում և ներմուծում: Ծառայությունների արտահանման կտրվածքով կգրանցվի անկում ճամփորդությունների, տրանսպորտի, շինարարական, համակարգչային և տեղեկատվական ծառայությունների գծով: Ներմուծման դեպքում հիմնականում ամենամեծ անկումը կգրանցվի ճամփորդությունների կտրվածքով`արտագնա զբոսաշրջությամբ պայմանավորված:
3. Սկզբնական եկամուտների հաշվի դրական սալդո: Վերջինս էականորեն կկրճատվի` հիմնականում պայմանավորված արտագնա աշխատողների վարձատրության գծով ստացվող դրամական փոխանցումների կրճատմամբ, եթե ոչ ռեզիդենտներին վճարվելիք ներդրումային գործունեությունից ստացվող եկամուտների ծավալները գրեթե նույն մակարդակի վրա մնան, իսկ վերջիններիս ծավալների կրճատման դեպքում սկզբնական եկամուտների հաշվի դրական սալդոյի վատթարացումը կլինի ոչ կտրուկ:
4. Երկրորդային եկամուտների դրական սալդո: Վերջինիս դրական սալդոն կկրճատվի պայմանավորված ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների կողմից ՀՀ տնային տնտեսություններին ուղարկվող դրամական փոխանցումների ծավալների կրճատմամբ, սակայն սալդոյի մեծությունը կախված է լինելու այն հանգամանքից, թե պետական կառավարման գծով ստացվող տրանսֆերտների ծավալներն ինչպես կփոխվեն (կորոնավիրուսով պայմանավորված վերջինիս ծավալները կարող են ավելանալ):
Այսպիսով` դիտարկվող ժամանակահատվածում ընթացիկ հաշվի պակասուրդը որոշակիորեն բարելավվել է, սակայն վերջինս բավականին մեծ է` 2019թ.-ին կազմելով շուրջ 1.12 մլրդ ԱՄՆ դոլար: ՀՀ-ում և այլ երկրներում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված 2020թ.-ին ընթացիկ հաշվի պակասուրդը զգալիորեն կկրճատվի և բավականին ցածր մակարդակի վրա կլինի և հնարավոր է, որ չգերազանցի 400-500 մլն ԱՄՆ դոլարը: