Արմեն Սարգսյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել ապրիլյանի հերոսների հիշատակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նախագահին ուղեկցել են հայկական բանակի նախկին ժամկետային զինծառայողներ՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատակիցներ Գոռ Դարմանյանը եւ Լիպարիտ Մելքոնյանն, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից Արկադի Անդրեասյանը:
Զինված ուժերում իրենց ծառայության ընթացքում նրանք աչքի են ընկել իրենց մարտական բարձր պատրաստականությամբ եւ նվիրվածությամբ, վիրավորվել մարտական գործողությունների ժամանակ: Նրանք աշխատանքի են ընդունվել «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ապահովել աշխատանքով:
Նախագահ Սարգսյանը եւ նրան ուղեկցող հայրենիքի պաշտպանները ծաղիկներ են դրել 2016թ. ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ իրենց կյանքը զոհաբերած հերոսների շիրիմներին եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։