24.11.2024
Եթե տեմպը պահպանվի ստիպված կլինենք առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը. Թորոսյան
prev Նախորդ նորություն

ՀՀ ողջ տարածքում սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում. պարետի որոշում

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։


Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով: Անձի կողմից ընտրված ինքնամեկուսացման վայրը չի կարող փոփոխվել մինչև սույն որոշմամբ սահմանված ժամկետի ավարտը։


Հայաստանի Հանրապետության մարզերի և մարզերի ու Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվում է բնակչության ազատ տեղաշարժը։


Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ժամը 14:00 տեղադրվում են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:


Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի1-ին՝ ժամը 00։01-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ժամը 23:59-ը:


Պարետի որոշմանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։


Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նրա խոսքով՝ իրավիճակը բավականին լուրջ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում:


Կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, համաձայն պաշտոնական տեղեկատվության, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում: Առողջացածների թիվը հասել է 31-ի: Երեք մահ է գրանցվել: