Հարությունյանի խոսնակը հայտնում է Մասիս Մայիլյանի կողմնակիցների կողմից սադրանքների մասին
Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը, ով համարվում է նախագահի թեկնածու, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի կողմնակիցը, մտնում է ընտրատեղամասեր և «Ազատ Հայրենիք - ՔԴՄ» քաղաքական դաշինքի ու նախագահի դեմ ակնհայտ հակաքարոզչություն իրականացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է դաշինքի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Նրա խոսքով, օրենքի կոպիտ խախտմամբ նա գորգոռալով վիրավորական արտահայտություններ է անում և փորձում է ազդել ընտրողների որոշման վրա:
«Համապատասխան մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ կիրառել»,- գրել է Պողոսյանը:
Նա նաև գրել է մեկ այլ սադրանքի մասին ևս, որը տեղի է ունեցել Շուշիի տեղամասերից մեկում. «Շուշիի 7/1 ընտրատարածքում տեղի ունեցած միջադեպը սադրանք է, և որևէ կապ չունի մեր նախընտրական շտաբի աշխատանքների հետ: Պահանջում ենք, որպեսզի այդ մասին վկայող տեսանյութը համապատասխան կերպով քննվի իրավապահ մարմինների կողմից», -գրել է նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր՝ մարտի 31-ին, Արցախում տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Նախագահի պաշտոնի համար պայքարում է 14 թեկնածու: