Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 13-ի. 100-ի ավելի մարդ է մեկուսացվել
Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակված 13 հաստատված դեպք: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանց մեծ մասը Էջմիածնում վարակված կնոջ հետ շփվածներ են։
Փաշինյանն ասաց, որ ընդհանուր առմամբ այս պահին Էջմիածնում կա 100 մեկուսացված մարդ։ "Էջմիածինցի կինը Հայաստան է եկել փետրվարի 29-ին, դրանից հետո նրան պարբերաբար դիմել են առողջապահության նախարարությունից, սակայն նա թաքցրել է իր հիվանդության փաստը։ Եթե նա թաքցրած չլիներ, ապա 13 դեպքի փոխարեն կունենայինք 6-ը", - ասել է Փաշինյանը։
Նա նաև հայտնեց, որ Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին տեղեկությունների տարածումից հետո, ինքն ու Աննա Հակոբյանը ևս ինքնամեկուսացվել են Սևանում:
"Աննան մինչ այդ եղել է Բրազիլիայում և հանդիպել նախագահի տիկնոջ հետ: Չափեցինք մեր ջերմաստիճանը, տեսանք, որ ջերմություն չունենք: Այնուհետև Բրազիլիայի նախագահի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը հերքվեց: Ամեն դեպքում, մենք վաղը ևս թեստ կհանձնենք, որպեսզի համոզված լինենք, որ մեզ մոտ կորոնավիրուս չկա", - ասաց Փաշինյանը: