24.11.2024
Հնդկաստան-Պակիստան proxy war-ը տեղափոխվում է Հարավային Կովկաս
prev Նախորդ նորություն

Էրդողանը խնդիր ունի խոշոր կորուստների ֆոնին փրկելու դեմքը. ի՞նչ զարգացումների սպասել

Տպավորությունս այն է, որ Դամասկոսում, Մոսկվայում և Թեհրանում որոշում է կայացվել, որ Սիրիայի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշումներ որդեգրած և այս պետության խաղաղ կյանքը դժոխքի վերածած հիմնական դերակատարներից մեկն այսուհետ պետք է դուրս մղվի սիրիական տարածքներից՝ նույն այն վայրերից, որոնք Անկարայի ռազմաքաղաքական միտքը համարում է Թուրքիայի ռազմավարական խորությունն ապահովելու և Մերձավոր Արևելքում գերիշխելու կարևոր բաղադրիչ։ Այս մասին VERELQ-ի հետ հարցազրույցում ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

- Իդլիբում մարտեր են ընթանում ողջ այս սիրիական նահանգը Սիրիայի օրինական իշխանությունների ենթակայության տակ վերադարձնելու համար, որոնք բավականին թեժ ընթացք ունեն, քանզի բախվել են սիրիական հակամարտության մեջ ներգրավված երկու խոշոր խաղացողներ՝ Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի նախագահն ակնհայտորեն խնդիր ունի խոշոր կորուստների ֆոնին փրկելու դեմքը և այս ուղղությամբ ձեռնարկում է բազմաթիվ քայլեր, այդ թվում և Իդլիբի օդային տարածքը վերահսկելու առումով, ինչն ուղղակի մարտահրավեր է Ռուսաստանին, որովհետև մինչ այժմ ՌԴ օդա-տիեզերական ուժերն էին գերակա Սիրիայի ողջ երկնքում: Շահերի բախումն ակնհայտ է, բայց պետք է հաշվի առնենք այն, որ այս շաբաթ նախատեսված է Պուտին-Էրդողան հանդիպումը Մոսկվայում, որից առաջ կողմերը, կարծում եմ, ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը նաև մարտադաշտում՝ փորձելով խուսափել ուղղակի բախումից: Սա չնայած այն հանգամանքի, որ թուրքական կողմը ներգրավված է սիրիական պատերազմին սեփական զինուժի տեսքով, մինչդեռ ռուսական կողմըն առայժմ փորձում է խուսափել ուղղակի բախումից և աջակցում է սիրիական ուժերին:

- Այս օրերին շատ է խոսվում պատմության կրկնվելու վտանգի մասին, Ձեր կարծիքով այս լարվածությունը կարո՞ղ է բերել ՌԴ-Թուրքիա լայնամասշտաբ պատերազմի:

- Հաշվի առնելով թուրքական կողմի պարտավորություններին հավատարիմ չմնալը, թվում է, թե որոշում է կայացվել վերացնել այսպես կոչված Իդլիբի ապաէսկալացման գոտին և այդտեղ վերահաստատել սիրիական կենտրոնական իշխանության դիրքերը: Սա ենթադրում է ահաբեկիչների տարանջատում սիրիական «զինված ընդդիմությունից», թեև ես չեմ հասկանում, ի՞նչ ասել է «զինված ընդդիմություն» և ինչպես այն կարող է լինել օրինական: Հետևաբար որոշում է կայացվելու, բայց թե որքանով կողմերը վճռական կլինեն հասնելու այդ որոշման իրականացմանը, ինչպես նաև որքանո՞վ կկարողանա Էրդողանը պահպանել կամ ամրապնդել իր դիրքերը Իդլիբում, որը թուրքական ռազմաքաղաքական հայեցակարգում համարվում է ռազմավարական խորք և Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության ռազմական բաղադրիչի կարևոր հետնակետերից մեկը՝ ցույց կտա ժամանակը: Շատ բան պարզ կլինի նաև Պուտին-Էրդողան հանդիպումից:

- Թեև Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, բայց ալյանսի դաշնակիցները չեն շտապում միջամտել այս հակամարտությանը: Ձեր կարծիքով, ուժերի նման դասավորվածությունը կպահպանվի, թե՞ արևմտյան խաղացողները ևս կներքաշվեն՝ հաշվի առնելով փախստականներին Եվրոպա ուղորդելու Էրդողանի ավանդական շանտաժի գործադրման հանգամանքը:

- Արևմտյան կողմը վաղուց արդեն հասկացել է, որ Էրդողանի շանտաժի լեզուն իրականության մեջ այդքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում, թեև անհանգստացնում է: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Վաշինգտոնն այդքան էլ գոհ չէ Թուրքիայի երկակի խաղից, գոհ չէ նաև Ռուսաստանը, որտեղ Էրդողանը փորձում է արևելյան վաճառականի մտայնությամբ հանդես գալ երկու կողմերի միջև տանելով ոչ այնքան հստակ դիվանագիտական խաղ, որը չի կարող ընդունելի լինել կողմերի համար:

Չեմ կարծում նաև, թե ՆԱՏՕ-ն աջակցի Թուրքիային, որովհետև, ըստ էության, թուրքերը գտնվում են սեփական տարածքից դուրս, այլ պետության տարածքում, որտեղ կռվում են Սիրիայի իրական իշխանությունների դեմ ահաբեկչական կառույցների հետ միասին: Հայտնի է, որ Իդլիբում առկա իրավիճակի համար իրական պատասխանատուն Ալ Քաիդայի վերաբրենդավորված մի ճյուղն է և Թուրքիայի իշխանությունը սեփական ժողովրդին ուղարկում է կռվելու ահաբեկիչների հետ ուս ուսի:

-Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը և ի՞նչ զարգացումների պետք է պատրաստ լինենք, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում:

- Չեմ կարծում, թե ցանկացած զարգացում Մերձավոր Արևելքում ուղղակիորեն կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա: Բայց ակնհայտ է, որ որպես հակամարտության կողմեր մենք ունենք չափազանց կարևոր խաղացողներ ՀՀ շահերի տեսանկյունից. ռազմավարական դաշնակից՝ ի դեմս Ռուսաստանի, բարեկամական պետություն, որի հետ ձգտում ենք հարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի՝ Իրանը, բարեկամական պետություն, որը Հայաստանի հետ պահպանում է չափազանց ջերմ հարաբերություններ՝ Սիրիան և մեր հանդեպ ակնհայտ թշնամական տրամադրություններ ունեցող պետություն՝ Թուրքիան: Հետևաբար այս բարդ խաղատախտակին Հայաստանը պետք է ունենա հստակ և վերլուծված գործողությունների ծրագիր: Եվ, նախևառաջ, պետք է մարսվի առկա տեղեկատվությունը, որի հիման վրա արվեն եզրակացություններ, որոնց կհաջորդեն քայլեր: Ինչքանո՞վ է դա արվում՝ այլ հարց է:

-Մի խոսքով՝ սպասում ենք Պուտին-Էրդողան մոսկովյան հանդիպմանը:

-Այո, առաջիկա ամենախոշոր իրադարձությունը այդ հանդիպումն է, որի արդյունքների վրա կարող են վճռորոշ ազդեցություն ունենալ նաև շարունակվող մարտերը Իդլիբում: Բնական է, որ սիրիական կողմը փորձելու է առնվազն պահպանել առկա դիրքերը, իսկ դրանք, դատելով ռազմական փորձագետների վերլուծություններից, այդքան էլ վատը չեն: Բայց չմոռանանք նաև թուրքական հարձակման մասին, իսկ դա միանշանակ հարձակում է ահաբեկիչների հետ միասին, որը որոշակի ռիսկեր է ստեղծել գրանցված ձեռքբերումները պահելու առումով: Բնական է, որ կողմերը կջանան հասնել իրենց նպատակներին նաև բանակցություններից առաջ ավելի ամուր դիրքեր ունենալու մտայնությունը հաշվի առնելով:

Լիա Խոջոյան