24.11.2024
Վրաստանում կորոնավիրուսով հիվանդ անձի հետ շփված 4 մարդկանց մոտ վարակը չի հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Ունենք հստակ ծրագիր՝ ինչպես ենք արձագանքելու, եթե կորոնավիրուսի դեպք գրանցվի.Ավինյան

Հայաստանն ունի հստակ ծրագիր, թե ինչպես է արձագանքելու, եթե կորոնավիրուսի դեպք գրանցվի։ Այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Շանթ» հեռուստաընկերության փետրվարի 26-ի երեկոյան եթերում:


Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է, որ խնդիրը ոչ այնքան այն է, որ ոչ ոք չվարակվի, այլ՝ որ վարակը չտարածվի պետության սահմաններից ներս։ Հարցին, թե արդյոք Հայաստանն ունի՞ հնարավորություններ վարակը տեղայնացնելու, ինչպես օրինակ Իտալիան, Ֆրանսիան, Ավինյանը պատասխանել է․


«Ես կարծում եմ, բացի այն, որ ունենք այդ հնարավորությունները, մեր գործողություններն ընդհանուր առմամբ՝ և՛ առողջապահության նախարարության, և՛ աշխատանքի ու առողջապահության տեսչական մարմնի գործողությունները, եղել են բավականին տրամաբանական և ադեկվատ։


Բավականին խիստ հսկողություն է սահմանվել՝ նույնիսկ համեմատ շատ զարգացած երկրների, որոնք միգուցե քանակներից ելնելով ֆիզիկապես չեն ունեցել հնարավորություն այս բոլոր միջոցները կիրառելու։ Եվ նաև, Աստված մի արասցե, եթե նույնիսկ կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի Հայաստանում, մենք արդեն իսկ ունենք հստակ ծրագիր, թե ինչպես ենք դրան արձագանքելու։ Ես կարծում եմ՝ ընդհանուր պետական համակարգը, առողջապահական համակարգը պատրաստված է», - ասել է նա։


Ավելի վաղ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հայտնել էր, որ Հայաստանում 36 մարդ հոսպիտալացվել է կորոնովիրուսի կասկածանքով, սակայն հաստատված դեպքեր չկան:


Հատկանշական է, որ այս օրերին ՀՀ քաղաքացիները բողոքում են դեղատներում պաշտպանիչ դիմակների բացակայության մասին: Իսկ այն դեղատներում որտեղ կան դիմակներ, դրանք վաճառվում են մի քանի անգամ բարձր գներով:


COVID-2019 նոր կորոնավիրուսը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Չինաստանից բացի շարունակում է տարածվել 30 այլ պետություններում ևս: Մասնավորապես, նոր բռնկումներ են գրանցվել Իրանում և Իտալիայում: Պաշտոնական տվյալներով, փետրվարի 25-ի դրությամբ, Իրանում վիրուսից մահացել է 12 մարդ: Երկրում հայտնաբերվել է 61 վարակակիր, հետազոտվում է ևս 900 մարդ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուսի վարակ։


Հայաստանի կառավարությունը կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակում փետրվարի 24-ին երկու շաբաթով սահմանափակել է Իրանի հետ ցամաքային սահմանը: Օդային երթևեկությունը իրականացվում է նույնպես սահմանափակումներով: Կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է արձանագրվել նաև Վրաստանում:


Համաձայն ԱՀԿ-ի՝ փետրվարի 25-ին Չինաստանում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 2 663-ի, նրանցից 2 043-ը մահացել է Ուհանում (Հուբեյ նահանգ), որտեղ գրանցվել էր վարակի բռնկումը: Երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 77 658 մարդու, 9 126 հիվանդ գտնվում է ծանր վիճակում, իսկ ավելի քան 27 000-ը ապաքինվել են: