Դավիթ Տոնոյանը Ռազմական ոստիկանության մի շարք բաժնի պետերի է ազատել պաշտոններից
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ռազմական ոստիկանությունում, որի ընթացքում քննարկվել է զինվորական ծառայության ընթացքում մահվան ելքով դեպքերի, դրանց կանխարգելման, առկա օպերատիվ իրավիճակի, ՌՈ աշխատանքին առնչվող և այլ հարցեր:
Ինչպես հայտնում են ՊՆ-ից, հանդիպման սկզբում Տոնոյանը հրաժեշտ է տվել ռազմական ոստիկանության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանին, որից հետո կայացրել է մի քանի կադրային որոշումներ: Պաշտոններից ազատվել են մի քանի բաժնի պետեր:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Թելմանի Աղաջանյանին հանձնարարել է ժամանակավոր կատարել ՌՈ պետի պաշտոնական պարտականությունները:
Նախարարը ՌՈ անձնակազմին և գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանին տվել է խիստ ցուցումներ: Մասնավորապես, նախարարը շեշտել է կարգապահության ամրապնդման հարցի խիստ կարևորությունը և պահանջել է կտրուկ բարձրացնել օպերատիվ հետախուզական աշխատանքների որակը: