Սահմանադրական հանրաքվեի արդյունքները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան, սակայն չգիտենք՝ ինչ անել այդ դեպքում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը:
Թոխյանը նշել է, որ դժվարանում է պատասխանել լրագրողի հարցին, թե ինչ է անելու ՍԴ-ն, եթե ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները բողոքարկվեն Սահմանադրական դատարանում:
«Ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, քանի որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան: Եվ մենք չգիտենք՝ ինչ պետք է անենք այդ դեպքում: Բոլոր այն դեպքերում, երբ որևէ սուբյեկտ կդիմի Սահմանադրական դատարան, ես իրավասու չեմ գնահատական տալ կամ կարծիք հայտնել», - ասաց նա:
Ֆելիքս Թոխյանը չհերքեց ու չհաստատեց, որ հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրոզյանի հետ: Նա սակայն նկատեց, որ Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի միջև լարվածություն չկա․ «Սահմանադրական դառատանում առհասարակ ճգնաժամ չի եղել ու չկա»:
Թոխյանը նշեց, որ մի քանի անգամ հանդիպել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ և որպես ավագ գործընկեր խորհուրդներ տվել:
Նա անդրադարձավ նաև հանրության շրջանում տարածված կարծիքին, որ Սահմանադրական դատարանը «մշտապես դակել է կեղծված ընտրությունների արդյունքները»:
«Սահմանադրական դատարանը ո՛չ ընտրությունների կազմակերպողն է, ո՛չ էլ վերահսկողը, ուստիև կեղծելու հնարավորություն չունի: Թե ինչու են մեզ քավության նոխազ սարքում, գնացեք իրենց հարցրեք»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր էլ կստորագրի այն բոլոր որոշումները, որ վերջին 20 տարում ստորագրել է ՍԴ-ում:
Նա հերքեց լուրերն այն մասին, որ նախկին իշխանությունների ժամանակ ընտրական վեճերն ուսումնասիրելիս ճնշում է եղել․ «Անգամ չեն էլ փորձել ճնշում գործադրել»։