Սահմանադրական դատարանի հարցին պետք է մոտենալ երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ․ կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նախագահի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն կարևորել է ինստիտուցիոնալ բարեփոխումները։
«2019-ին մենք արձանագրեցինք հեղափոխությունից հետո անցումային կառավարման շրջանը և մեր քննարկումների առանցքում էլ միշտ եղել է այն, որ պետք է ավելի ու ավելի շատ կարևորենք մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների թեման և հիմնադրենք ու ներդնենք ռազմավարական կառավարման տրամաբանությունը:
Կարծում եմ, որ 2020 թվականին հենց այդպիսի մի փուլ ենք թևակոխում, և մեր երկրում ինստիտուտների կայացումը, հակակշիռների և փոխզսպումների համակարգի ներդրումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է: Գիտեք, նաև արձագանքել եք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք:
Իհարկե, ես միանշանակ կիսում եմ Ձեր այն տեսակետը, որ մենք այդ հարցին պետք է մոտենանք հենց երկրի ինստիտուցիոնալ կայացման տրամաբանությամբ, մեր երկրի ազգային և պետական շահերի տրամաբանությամբ, հակակշիռների և փոխզսպումների ճշգրիտ և աշխատող համակարգ ունենալու տրամաբանությամբ, որովհետև միայն այդ պարագայում է, որ մենք կունենանք անշրջելի ժողովրդավարություն, անշրջելի օրենքի գերակայություն՝ սրանից բխող հետևանքներով, և, իհարկե, անշրջելի Սահմանադրական իրականություն, որը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում և մեր աշխատանքային քննարկումների առանցքում: Այնպես որ շատ ուրախ եմ այս առիթի համար»:
Իր հերթին նախագահն ասել է, որ պատրաստ է քննարկման: "Ուշադրությամբ կլսեմ Ձեզ, պարոն վարչապետ: Շատ էական է այն, ինչ Դուք ասացիք՝ ինստիտուտների կայանալը մեր երկրում, հավասարակշի՛ռ ինստիտուտների, որովհետև եթե խոսում ենք երկարաժամկետ, կայուն զարգացման մասին, առանց դրա հնարավոր չի լինի:
Իհարկե, արժե նաև քննարկել ապագա ծրագրերը՝ ներդրումային ծրագրերը: Ուրախությամբ կարող եմ ասել, որ կարծես թե նոր, փոքրիկ հաղթանակներ կան իմ այցելությունների ժամանակ՝ լինի դա Պարսից ծոցի երկրներ, Դավոս կամ Իսրայել: Կկիսվեմ Ձեզ հետ", - ասել է նախագահը: