24.11.2024
Ռումբի վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Ռազմիկ Աբրահամյանը նախկին փոխնախարարին $3000 կաշառք է տվել. հրապարակվեց տեսանյութ

Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի կողմից կաշառք ստանալու գործով դատական նիստի ժամանակ ներկայացվել է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է Դավթյանը` իրավապահների հորդորով, գրպանից հանում Աբրահամյանի կողմից իրեն տրված $3000-ը, փոխանցում է Factor.am-ը:


Նիստում հետազոտվել են տեսանյութեր, որոնց նկարահանումը լրագրողների համար արգելված էր։ Դավթյանի կողմից իրեն տրված գումարը ցույց տալու ընթացքն իրավապահները գաղտնի են նկարահանել։


Ըստ տեսանյութի` Արսեն Դավթյանն իրավապահներին ասում է, որ ինքը չի իմացել, թե ինչ կա Աբրահամյանի կողմից իրեն փոխանցված ծրարում, քանի որ դրա պարունակությունն ինքը տեսել է պատռելուց հետո:


Ըստ մեղադրականի՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, Դավթյանն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:


Չնայած գործը չի առնչվել ապօրինի որդեգրումների քրգործին, որի շրջանակում ևս Աբրահամյանին առաջադրված մեղադրանք կա, դատարանում էին նաև երեխաներից զրկված ծնողները։ «Հայոց մայրեր» շարժման համակարգող Հայկուհի Խաչատրյանն Աբրահամյանին կալանավորելու պահանջ է ներկայացրել:


Աբրահամյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200–րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառքը)։ Աբրահամյանի՝ կալանավորվելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունը փետրվարի 1-ին Վերաքննիչ դատարանը մերժել է: Նա ազատության մեջ է: