23.11.2024
Արամ Թանանյանը՝ Վերին Լարսում ՀՀ մաքսային կցորդ
prev Նախորդ նորություն

ՍԴ ճգնաժամը կարող է լուծվել եւ պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով. նախարար

Սահմանադրական դատարանի ճգնաժամը շուտ պետք է հանգուցալուծվի և այն կարող է լուծվել սահմանադրական փոփոխությունների միջոցով: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ սահմանադրական ճգնաժամը շուտով կլուծվի։


«Ես էլ եմ կարծում, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը շուտ պետք է հանգուցալուծվի։ Ինչ վերաբերում է վաղ կենսաթոշակի մասին օրենքին, մինչեւ փետրվարի 27-ը ժամանակ կա, եւ որեւէ մեկը չի կարող գնահատել՝ աշխատեց այն, թե ոչ։ Բայց դրանից մեծ տրագեդիա չի լինի, եթե որեւէ մեկը վաղ կենսաթոշակի չդիմի, որեւէ տրագեդիա չի լինի, եթե որեւէ մեկը դիմի։


Ես ասել եմ, որ դատական համակարգում առկա ընդհանուր ճգնաժամը եւ մասնավորապես ՍԴ ճգնաժամը կարող է լուծվել եւ պետք է լուծվի սահմանադրական փոփոխություններով, որովհետեւ հիմա ինչ լուծում էլ գտնենք, այդ լուծումը 100 տոկոսով չի կարող հիմք հանդիսանալ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար։ Ես համալիր լուծումը տեսնում եմ սահմանադրական փոփոխությունների միջոցով»,- ասաց նախարարը։


Բադասյանը չբացառեց, որ ամբողջությամբ նոր Սահմանադրական դատարան կունենանք:


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հրայր Թովասյանը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ ընտրվել այդ պաշտոնում «կեղծիքի միջոցով»:


Հայաստանի ներկայիս իշխանությունների համար Սահմանադրական դատարանի նախագահի գործունեությունը խնդրահարույց է նաև այն պատճառով, որ Թովմասյանը այդ պաշտնում է ընտրվել նոր սահմանադրության ուժի մեջ մտնելուց մի քանի շաբաթ առաջ՝ 2005 թվականի սահմանադրությամբ՝ թույլ տալով պաշտոնավարել մինչև 65 տարին լրանալը:


Մինչդեռ մյուս թափուր տեղի համար ընտրությունը կազմակերպեցին նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, երբ դատավորը կարող է պաշտոնավորել միայն 12 տարի, իսկ նախագահը՝ միայն 6։