23.11.2024
Չորս միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրը հետաձգվեց. վարչապետը դժգոհ է
prev Նախորդ նորություն

Բժիշկներին մեղադրում եք գրեթե զոռով դեղեր խմեցնելու մեջ. Արսեն Թորոսյանը՝ ՄԻՊ-ին

Կառավարության հունվարի 30-ի նիստին «Հոգեբուժության օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բանավիճեցին: Վերջինս հակադարձեց պաշտպանի՝ հոգեբուժական հաստատություններում առկա խնդրիների մասին դիտարկումներին:


Քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա կարգավորումների պատճառով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ ամիսներով, տարիներով մոռացվում են հոգեբուժական հաստատություններում՝ դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով, հոգեբուժական ինստիտուտների ոչ պատշաճ վարքագծի, անօրինական վարքագծի պատճառով: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


«Մենք դեպք ունենք, երբ մարդը 11 ամիս սպասում է դատական ակտի եւ այդ ընթացքում մարդու նկատմամբ իրականացվում են միջամտություններ: Կարգավորումը հետեւյալն է. մարդը մուտք գործեց հոգեբուժական կազմակերպություն, եթե համաձայնություն չի տալիս բուժման, հոգեբուժարանը 72 ժամ ունի, որ դիմի դատարան: Դատարանն ունի մեկ օր վարույթ ընդունելու եւ 5 օր նիստ նշանակելու համար: Բայց թե հետագայում երբ դատարանը որոշում կկայացնի, ոչ մի կարգավորում չկա: Ստացվում է, որ մարդը, առանց դատարանի որոշման ամիսներով գտնվում է հոգեբուժական կազմակերպությունում: Ունենք դեպքեր, երբ առանց մարդու համաձայնության նրան նաեւ հոգեմետ դեղեր են ներարկում»,- ասաց Թաթոյանը:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ նման դիտարկումներից կարող է տպավորություն ստեղծվել, թե հոգեբուժական հաստատությունները համակարգային սխալ են աշխատում. «Բժիշկներին մեղադրում էիք գրեթե զոռով դեղեր խմեցնելու մեջ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրականում այդ ոլորտում փոփոխություններ միշտ էլ եղել են, եւ խնդիրներն անհատական են։


Արձագանքելով նրանց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մի քիչ լավ չեմ հասկացել գերատեսչական համերաշխության էդ կուլտուրան, որ՝ վա՜յ, հանկարծ բժիշկներին բան չասեք, վա՜յ, հանկարծ...Բայց բոլորս էլ գիտենք, որ այդ դեպքերը եղել են»: Թորոսյանը պատասխանեց, որ իրավիճակը բարելավվում է, եւ ինքը չի ուզում տպավորություն լինի, թե մարդկանց կամքին հակառակ բուժում են նրանց։