2018 թվականի մայիսից սկսած, ամենօրյա, ամենամսյա ռեժիմով, ապա նաև ամեն շաբաթվա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ։ Այս մասին Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով նախօրեին Թովմասյանի կողմից հնչեցրած այն հայտարարությանը, թե օրվա իշխանությունն իրենից արագ ձերբազատվելու խնդիր ունի:
Վարչապետի խոսքով, Թովմասյանը նշել է, որ քանի որ ինքն է նոր Սահմանադրության հեղինակը, կարող է պատմել բոլոր խութերի մասին, որ պարունակում է Մայր օրենքը.
«Նա ինձ առաջարկում էր միասին չգիտեմ ինչեր-ինչեր անել, և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ»,- հայտարարեց վարչապետը։
Անդրադառնալով պետության դեմ իրականացվող գործընթացներին Փաշինյանը նաև հայտարարեց, որ դրանում ներգրավված են նաև ՍԴ որոշ անդամներ. «Սահմանադրական դատարանը, կոնկրետ որոշ պաշտոն օկուպացրած պաշտոնյաներ, որոնք փորձել ՍԴ մյուս անդամներին ևս ներգրավել, բայց կարծես թե ՍԴ անդամների 80 տոկոսը դրանում չի ներգրավվել: Եվ չասեք ինձ՝ տվեք անուններ, որովհետև ես տվեցի դրանք և թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատվել»,- հայտարարեց նա:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Հատուկ քննչական ծառայությունը ՍԴ նախագահի տանը խուզարկություն է իրականացրել։ Թովմասյանը չէր խոսել խնդրի իրավական կողմի մասին՝ նշելով, թե «դրանով զբաղվում են իր պաշտպանները»։
Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում իմ շուրջ, ՍԴ-ի շուրջ, վկայում է, որ խնդիրները իրոք խորքային են: «Օրվա իշխանությունն ունի ինձնից արագ ձերբազատվելու խնդիր»,- նշել էր Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ «այդ ամենն արվում է ակնհայտ․ ողջ հանրությունն ու միջազգային հանրությունը տեղյակ են այդ մասին»։