24.11.2024
Սև փողեր կան. ՀՀ-ում ցանկանում են բացահայտել էներգետիկ ոլորտի իրական սեփականատերերին
prev Նախորդ նորություն

Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի ազգային զեկույցի քննարկումը

Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում հունվարի 23-ին տեղի ունեցավ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկումը։


ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զեկույցի ներկայացման նպատակով Ժնևում էր գտնվում ՀՀ պաշտոնական պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորությամբ։


Արտաքին գործերի նախարարի տեղակալը ներկայացրեց զեկույցը՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կատարված քայլերին, օրենսդրական բարեփոխումներին, ձևավորված դրական պրակտիկային։ Իր խոսքում Արտակ Ապիտոնյանը վերահաստատեց որպես ՀՀ կառավարության առանցքային հանձնառություն՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության առավել ամրապնդումը շարունակելու երկրի իշխանությունների պատրաստակամությունը, կարևորեց ՄԱԿ տարբեր մարմինների հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման առումով։


ՄԱԿ անդամ երկրների շուրջ հարյուր ներկայացուցչություններ հանդես եկան Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող ելույթներով։ Բազմաթիվ երկրներ բարձր գնահատեցին Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո արձանագրված ժողովրդավարական առաջընթացը և կոռուպցիայի դեմ պայքարը, ներկայացրին հարցադրումներ և հանդես եկան առաջարկություններով։


ՀՀ պատվիրակության անդամներն իրենց հերթին ներկայացրին մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրենց ոլորտների ձեռքբերումները և առկա մարտահրավերները, պատասխանեցին ՄԱԿ անդամ երկրների պատվիրակների հարցերին ու ներկայացրին պարզաբանումներ։


ՀՊԴ կանոնակարգի համաձայն՝ ՄԱԿ անդամ երկրների առաջարկությունները համակողմանիորեն կուսումնասիրվեն և դրանց վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կներկայացվի Մարդու իրավունքների խորհրդի հունիսյան նստաշրջանի ժամանակ։