Ե՞րբ կվերականգնվեն ՌԴ-Վրաստան ուղիղ թռիչքները. Աբաշիձեն պատասխան է ակնկալում մարտին
Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կարծիք է հայտնել, որ մարտին Պրահայում ՌԴ ներկայացուցիչ Գրիգորի Կարասինի հետ հերթական հանդիպման ժամանակ կարող է տեղեկություն տրամադրվել, թե երբ կարող են վերսկսվել ուղիղ թռիչքները երկու երկրների միջև: Այս մասին գրում է Intefax-ը:
Նա նշել է, որ ավիափոխադրման վերականգնման մասին այս պահին ճշգրիտ ժամկետներ հայտնի չեն: Նա հույս է հայտնել, որ լրացուցիչ տեղեկություններ կարող են հայտնվել մարտին կայանալիք հանդիպմանը. «Եթե Ռուսաստանի կողմից կա քաղաքական որոշում, դժվար չի լինի տեխնիկապես լուծել այդ հարցը», - ասել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը:
Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան արտահայտել էր իր տեսակետը այս հարցում. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ չնայած Ռուսաստանի կողմից ուղիղ չվերթների դադարեցմանը, Վրաստանում զբոսաշրջիկների թիվն աճում է՝ Վրաստան ցամաքով և անուղղակի թռիչքների միջոցով այցելում են նաև ռուսաստանցի զբոսաշրջիկները», - ասել էր Տուրնավան:
Ըստ նրա, ռուս զբոսաշրջիկները հաստատում են, որ Վրաստանն իրենց համար անվտանգ երկիր է: «Հետևաբար, անվտանգության հարցերը, որոնց վերաբերյալ ենթադրաբար արգելվել են չվերթները, օրակարգում չեն», - ասաց նախարարը:
Հիշեցնենք, ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացումը եղավ 2019-ի հունիսի 20-ին, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաներ սկսվեցին ընդդեմ ՌԴ պատվիրակության, որ Թբիլիսիում մասնակցում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Հունիսի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվեց ռուսաստանյան ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել Վրաստան: