Վրաստանում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու հարց օրակարգում չկա. ԱԳՆ
Վրաստանում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայելու հարց օրակարգում չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին:
«Այդ խոսակցությունները [ԱՄՆ-ի բազաների տեղակայման մասին] սպեկուլյատիվ բնույթ են կրում: Այդ հարցը չի քննարկվում», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Զալկալիանին՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Թբիլիսին դիտարկի իր տարածքում ԱՄՆ բազաներ տեղակայելու հարցը:
Նախարարը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա ճգնաժամին՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի դեէսկալացիան չափազանց կարևոր է:
Հիշեցնենք, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսին ոչ նպատակահարմար էր անվանել երկրում ԱՄՆ ռազմակայաններ կառուցելու գաղափարը: Այդ պատճառով նախագահը խստորեն քննադատվեց ընդդիմության կողմից, որն անգամ իմպիչմենթի սպառնալիքներ հնչեցրեց նախագահի հասցեին: