24.11.2024
Բակո Սահակյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

ՀՅԴ 11 անդամներ դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին. փոխհատուցում են պահանջում

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ մի շարք այլ ՀՅԴ-ականների (Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, Արմենուհի Կյուրեղյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ Գալստյան, Հակոբ Մաթիլյան, Միքայել Մանուկյան, Սիմոն Սիմոնյան, Աշոտ Սիմոնյան, Շաղիկ Մարուխեան) դատի է տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին:


ՀՅԴ-ականները պահանջում են վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտության համար փոխհատուցում վճարել: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:


ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն չտվեց՝ նշելով, որ մի քանի օրից կխոսեն այդ մասին:


Իսկ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը «Վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու» պահանջով դատական հայց է ներկայացրել իմ դեմ՝ կապված անցյալ աշնանը Ազգային Ժողովում ունեցած իմ այն ելույթի (հղումը՝ մեկնաբանությունում) հետ, որտեղ՝ անդրադառնալով Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, հիշեցրել էի այդ կուսակցության ահաբեկչական անցյալը ու դրա կարկառուն առաջնորդների քրեական կենսագրությունը՝ սկսած ահաբեկչական գործողություններով մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր:


Թե ինչն է ՀՅԴ-ին ստիպել դիմել նման անհաշվենկատ, չկշռադատված քայլի, դժվար է ասել: Իսկ որ հատկապես նշված համատեքստով ելույթի համար իմ դեմ դատական հայց ներկայացնելը անհաշվենկատ քայլ է, երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև, եթե ՀՅԴ-ն այդ ելույթի համար իմ դեմ դատական հայց է ներկայացնում, պետք է պատրաստ լինի նույն մեղադրանքները լսել նաև դատարանում, որտեղ կներկայացվեն բնականաբար նաև դրանք ապացուցող փաստարկներ՝ սկսած 1990-ականների մամուլի հրապարակումներից մինչև Դրոյի և մյուս գործերով հազարավոր նյութեր:


Շատ ավելի հետաքրքիր կլինի լսել ՀՅԴ-ականների հակափաստարկներն այդ անծայրածիր փաստերի առնչությամբ: Հուսամ, ՀՅԴ-ականները իրավական հարթությունում կպարզաբանեն, թե ինչպես 1998 թվականին իրադրության փոփոխության արդյունքում իրենցից շատերը դուրս եկան բանտերից՝ չկրելով դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած վճիռներով սահմանված պատժաչափերը:


Հուսամ, ՀՅԴ-ականները կրկին իրավական հարթությունում կպարզաբանեն իրենց կարկառուն ընկերոջ՝ Հրանտ Մարգարյանի անվան հետ կապվող բազմաթիվ պատմությունները, որոնք առնչվում են զենքի ու թմրանյութերի վաճառքին: Այս հարցերի վերաբերյալ ՀՅԴ-ի դիրքորոշումները վստահաբար հետաքրքիր կլինեն նաև մեր հանրությանը:


Ուստի՝ կհանդիպենք դատարանում»,- գրել է պատգամավորը: