24.11.2024
Հունվար-նոյեմբերին ՀՀ տնտեսությունն աճել է 7,5 տոկոսով
prev Նախորդ նորություն

Հոկտեմբերի 27-ի կարճված գործը վերաբացվելու է. Անահիտ Բախշյան

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, հոկտեմբերի 27-ին զոհված Յուրի Բախշյանի այրին, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հոկտեմբերի 27-ի կարճված գործը վերաբացվելու է:


«Ժողովուրդ ջան, տեղեկացնում եմ, որ այսօր ստացել եմ 18․12․2019թ․ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հոկտեմբերի 27-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ բողոքիս պատասխանը։ Այն բավարարվել է իմ փաստաբան Զարուհի Մեժլումյանի գրագետ, հիմնավորված 37 էջից բաղկացած բողոքի հիման վրա։


Սա նշանակում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ պետության դեմ կատարված ահաբեկչության կազմակերպիչների, հովանավորների մասով կարճված գործը նորից կգնա քննության, այսինքն սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես այդ պետական ահաբեկչության տուժող կողմ ու կանի ամեն ինչ բացահայտելու համար մեր պետության թշնամիներին, դա լինի ներսից, թե՝ դրսից։ Ակնդետ հետևելու ենք գործընթացին»,- գրել է նա:


Դեկտեմբերի 18-ին Անահիտ Բախշյանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։


Գործի այս մասը 2000թ․ առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն «Հոկտեմբերի 27»-ից առանձնացված այս գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004թ․՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։