Սնթույլատրելի է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնությունը. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից:
Լրագրողը կամ լրատվամիջոցի որևէ այլ ներկայացուցիչ պարզապես կատարում են իրենք մասնագիտական աշխատանքը։ Նրանք այդ կերպ ապահովում են մեզնից յուրաքանչյուրի, ողջ հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Նրանց այդ աշխատանքը պաշտպանված է մեր երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով:
Մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի ու մտահոգիչ է համարում «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խմբի անդամների նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը: Քաղաքացիական որևէ ակցիա իրականացնելիս կամ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս պետք է գործել օրենքին հանահունչ, հարգել այլոց իրավունքներն ու արժանապատվությունը և չխոչընդոտել այլոց մասնագիտական աշխատանքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարձակվել են «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի եւ օպերատորի վրա՝ խոչընդոտելով նրանց մասնագիտական գործունեությունը: Այս մասին հայտնել է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի տնօրեն Վարդուհի Մելտոնյանը:
Հեռուստաընկերությունում տեղեկացել էին, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող ձկնաբուծարան են ներխուժել Արարատի մարզի Հովտաշատ համայնքի 6 տասնյակից ավելի բնակիչներ, հայհոյախառն արտահայտություններ են արել եւ ինչ-որ պահանջներ ներկայացրել, փորձել դուրս հանել ձկնաբուծարանի ձուկը:
Դեպքի վայր է մեկնել հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խումբը, սակայն արդեն մուտքի մոտ նրանց չեն թողել տարածք մտնել՝ շուրջ 60 հոգով, ավտոմեքենաներով շրջափակելով նրանց, հարվածել են, վնասել տեսախցիկը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ:
Ավելի ուշ լրագրողները բացատրություն են տվել ոստիկանությունում։ Սակայն հարձակումից հետո էլ մի քանի ժամ դրա մասնակիցները անարգել գտնվել են տարածքում։