Արցախի նախագահական ընտրությունները ազգային անվտանգության սպառնալիք են. «Սասնա ծռեր»
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ԱԽ նիստում հայտնած տեսակետների, Սասնա Ծռեր համահայկական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ։
«Արցախում օրեցօր պղտորվում և թունավորվում է ներհանրային մթնոլորտը։ Ընդամենը 100 հազարից քիչ ավել բնակչություն ունեցող փոքրիկ տարածքում անկախ պետություն խաղը կլանում է հանրային և քաղաքացիական գրեթե ամբողջ էներգիան և ռեսուրսը։
Այսպես կոչված նախագահական ընտրությունների մրցավազքը մասնատում և պառակտում է հակառակորդի դիմաց կանգնած մի բուռ հասարակությանը։
Տասնյակ կուսակցությունների և քաղաքական հավակնություններ ունեցող թիմերի մրցակցությունը ստեղծել է արհեստականորեն գերքաղաքականացված անբնական միջավայր, որտեղ ստորադասվում է ազգային շահը և գերիշխում է անձնական ու կլանային նկրտումը։
Մի բաժակ ջրում փոթորիկ հիշեցնող այս խիստ վտանգավոր խեղկատակությունը տեղի չէր ունենա, եթե պաշտոնական Երևանը չշարունակեր Արցախի անկախության թատրոնը, այլ որդեգրեր միացումն ավարտին հասցնելու ռազմավարություն։
Փաշինյանի գլխավորած իշխանության մեկուկես տարիների ընթացքում միանգամայն հնարավոր կլիներ մոտենալ այն կետին, երբ Արցախում հիվանդագին ու պառակտիչ նախագահական ընտրարշավի փոխարեն կքննարկվեր Արցախը արտոնյալ վարչատնտեսական մարզի կարգավիճակով ՀՀ համակարգում ամբողջությամբ ինտեգրելու և Արցախի մարզպետ նշանակելու հարցը։ Իսկ Արցախում հաշվառված այն ՀՀ քաղաքացիները, որ իրապես ունեն քաղաքական ներուժ և նկրտում, կկարողանային իրենց հնարավորություններն իրացնել համահայաստանյան տիրույթում։
Ստիպված ենք զգուշացնել, որ Արցախում նախագահական կոչված ընտրապայքարը կարող է հանգեցնել արցախաբնակ հայության դիմադրական ներուժի փոշիացման, ինչը կարող է գրգռել հակառակորդի ախորժակը և պատերազմի տեղիք տալ։
Մինչդեռ Արցախի միացումն ավարտելու գործընթացը կմիավորի ոչ միայն արցախաբնակ հայությանը, այլև ամբողջ հայ ազգին, ինչը կբացառի պատերազմը։
Քանի դեռ նախագահական աթոռապաշտությունը Արցախում չի խժռել մարդկային ողջամտությունը, պաշտոնական Երևանը պետք է միջամտի և վերջ տա այս խեղկատակ բեմականացմանը։
Միևնույն է, Արցախի միացումն այլընտրանք չունի, պարզապես պետք է մեր մեջ ուժ գտնենք գիտակցաբար հրաժարվելու իներցիայից, ինչի շնորհիվ կխուսափենք ցնցումներից և կորուստներից»։