24.11.2024
Երևանում մեկնարկել է Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը
prev Նախորդ նորություն

Արցախի համար չկա վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով. ԱՀ նախագահ

Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են և մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարևորագույն հարցերի լուծման առնչությամբ: Այս մասին Երևանում ընթացող Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստըի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:  


Նրա խոսքով, Արցախի Հանրապետության գոյության ողջ ժամանակահատվածում, ինչպես պատերազմական տարիներին, այնպես էլ խաղաղ պայմաններում, միշտ զգացել են Հայաստանի գործուն աջակցությունը: Այսօր էլ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը: Եվ մեր առջև ծառացած կարևորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը,


«Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել և մնում է Արցախի անվտանգության ապահովումը: Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացման, զինծառայողների սոցիալական և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է:


Մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովումը, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանք, նպաստում է տարածաշրջանում կայունության և խաղաղության, ինչպես նաև ռազմաքաղաքական հավասարակշռվածության արդյունավետ պահպանմանը: Անվտանգության հարցերն առանցքային են նաև Արցախի սոցիալտնտեսական զարգացման հայեցակարգում, ինչը միանգամայն բնական է, հաշվի առնելով Ադրբեջանի հետ չկարգավորված հարաբերությունները և մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական յուրահատկությունը:


Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության համար հատուկ կարևորություն ունի մի շարք ոլորտներում անվտանգության բարձր աստիճանի և ինքնաբավության ապահովումը: Այդ գերխնդիրների շարքին է դասվում պարենային և էներգետիկ անվտանգության ապահովումը, որտեղ ունենք տեսանելի առաջընթաց: 2019 թվականին արտադրվել է 112 հազար տոննա հացահատիկ, ինչը մեր ներքին պահանջարկը գերազանցում է 2 անգամ: 2017 թվականից պահպանվում է նաև էներգետիկ ինքնաբավությունը և Արցախը հանդիսանում է էլեկտրաէներգիա արտահանող երկիր: Սրանք այն առաջնային ոլորտներն են, որտեղ ինքնաբավությունը պետք է լինի բացարձակ՝ առավել ևս ճգնաժամային իրավիճակներում, և դրան մենք հասել ենք միասին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք համատեղ ջանքերի շնորհիվ»,- նշել է Արցախի նախագահը:


Մյուս կարևորագույն խնդիրը, որ նա շեշտադրել է, ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումն է: Նա նշել է, որ հակամարտության կարգավորման գործընթացը երբեմն նաև շահարկումների առիթ է դառնում, ինչը բնական է, քանի որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ միայն վճռորոշ գործոն է Հայոց պետականության և հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, այլ նաև տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային քաղաքականության կարևորագույն խնդիրներից է:


«Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ ուզում եմ մեկ անգամ ևս կանգ առնել հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք կետերի վրա: Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ: Մենք կողմակից ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի Հանրապետության լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երևանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք և հասկանում ենք, որ լիրարժեք ձևաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է: Հայոց դիվանագիտության կարևորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի և սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները:


Այս ամենը լավ գիտակցում է նաև մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը և չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձևաչափի վերականգնումը և զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով և անելիքները ճիշտ բաշխելով: Դիվանագիտական ճակատում և բանակցություններում մեր հաջողությունների հիմնական գրավականներից է ուժեղ և մարտունակ զինված ուժերի առկայությունը, մեր ռազմավարական գործընկերների հետ բարեկամական կապերի ընդլայնումն ու խորացումը, փոխլրացման արտաքին քաղաքականության վարումը:


Ինչ վերաբերում է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Կարգավորման որևէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը և նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն և այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն: Այս ամենից է մեծապես կախված և՛ Արցախի, և՛ Հայաստանի հուսալի ու կանխատեսելի ապագան»,- շեշտել է Բակո Սահակյանը: