«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
«Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին հայտնում էՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դեկտեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը համաձայնություն է տվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։
Նույն օրը դատախազությունը տեղեկացրեց, որ նախնական քննության տվյալներով՝ Սամվել Ուզունյանը մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007թ. տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄն դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:
Սակայն պարզվում է, թեեւ ԲԴԽ-ն տվել էր իր համաձայնությունը նախկին դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, սակայն սահմանն այդ ընթացքում չէր փակվել՝ այդպիսով թույլ տալով, որ նա հեռանա Հայաստանից։
Shamshyan.com-ի տվյալներով՝ դեկտեմբերի 21-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ժամը 01։45-ին Երևան-Մոսկվա թիվ 1869 չվերթով մեկնող ուղևորներից մեկի՝ Սամվել Ուզունյանի ուղեբեռում հայտնաբերվել է կասկածելի իր։ Ավելի ուշ ոստիկանությունից հաստատեցին, որ ուղեւորի ուղեբեռում հայտնաբերվել է փամփուշտ, որն ուղարկվել է փորձաքննության։ Սակայն, փաստացի, ոչ նրան անձեռնմխելիությունից զրկելը , ոչ էլ ուղեբեռում փամփուշտ հայտնաբերելը չի խանգարել, որ Սամվել Ուզունյանը հեռանա Հայաստանից։