Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել
21.12.2019
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում էր կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Սերժ Սարգսյանի եղբորորդին ուղիղ մեկ տարի առաջ հայտնաբերվել էր Պրահայում, ձերբակալվել, ապա էքստրադիցիոն կալանավորման ենթարկվել: Այս տարի ամռանը հայտնի դարձավ, որ Չեխիայի մունիցիպալ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունը, բայց քանի որ չեխական օրենսդրության համաձայն վերջնական որոշումը արտահանձման հետ կապված կայացնում է Արդարադատության նախարարությունը, ուստի այս գործընթացն ավելի երկար տեւեց:
Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռեւս նախորդ տարի, հայտանբերվել՝ 2018-ի դեկտեմբերի 6-ին։
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Նարեկ Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։
2018 թվականի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ապօրինի կերպով զենք, ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու հատկանիշներով: