VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանին պետության կողմից բնակարան հատկացնելու հարցը «գրվել է սառույցին»։ Պետությունը պարտավոր է ՀՀ նախկին նախագահներին, իսկ հետայսու՝ նաեւ վարչապետերին տրամադրել բնակարան, ինչը եւ արվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Սերժ Սարգսյանին առաջարկվել է մի քանի տարբերակ, սակայն նրա անվտանգության ծառայությունը հրաժարվել է դրանցից։ Նա նախընտրել է բնակվել Ձորաղբյուրում՝ խնամուն պատկանող առանձնատանը։ Նաեւ լուրեր շրջանառվեցին, թե նրա համար գործարար Կամո Ավագումյանն է առանձնատուն կառուցում՝ ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ՝ Մոնումենտում։ Երեկ հետաքրքրվեցինք, թե կառավարությունը նոր առաջարկ արե՞լ է ՀՀ երրորդ նախագահին, սակայն կառավարության աշխատակազմի հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀԿ-ից հայտնեցին, որ նոր առաջարկ չի եղել, ու հարցը կարծես սառեցվել է»:
«Իրատես» թերթը գրում է. «Չի բացառվում, որ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում` հանրահայտ ՄԳԻՄՕ-ում, Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիեւը դասավանդել է ՀՀ ներկա ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Իլհամ Ալիեւը ՄԳԻՄՕ-ն ավարտելուց հետո անցել է դասախոսական աշխատանքի եւ դասավանդել է 1985-1991-ին, իսկ Զոհրաբ Մնացականյանը ՄԳԻՄՕ-ում սովորել է հենց այդ տարիներին: Ու եթե իսկապես Իլհամ Ալիեւը դասավանդել է Զոհրաբ Մնացականյանին, ՀՀ ԱԳ նախարարը լավ հնարավորություն ունի ապացուցելու, որ լավ ուսանող է եղել ու ճիշտ է հինավուրց ասույթը, որ աշակերտը միշտ էլ գերազանցում է ուսուցչին: Կամ էլ՝ Իլհամ Ալիեւն է վատ դասախոս եղել»:
«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. քաղաքական բեւեռները նրան չեն համակրում, իսկ հանրությունը, խոշոր հաշվով, դրականորեն է վերաբերվում։ Վկան՝ վերջին սոցհարցումները։ Գործող իշխանության ներկայացուցիչների հետ նա ոչ մի աղերս, համադրման եզր անգամ չունի։ Սարգսյանից ամենաշատը դժգոհ են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնց թեթեւ ձեռքով էլ նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը։ Այստեղ են ասել՝ ումի՞ց եք դժգոհում։ Իսկ Արմեն Սարգսյանը շարունակում է իրեն հատուկ հանգստությամբ ու անտարբերությամբ վերաբերվել երկու կողմերի կարծիքներին։ Նա ամեն անգամ հայտարարում է, թե իր ամենամեծ առաքելությունն այն կլինի, որ իր հաջորդին փոխանցի նախագահի կայացած ինստիտուտ։ Դժվար է ասել, թե առանց էական լիազորության ընդհանրապես ում է պետք այդ ինստիտուտը, որ դեռ կայացնելու խնդիր էլ ունի։ Իսկ մինչ այդ, մեր տեղեկություններով, քաղաքական տարբեր թիմեր ջանք չեն խնայում Արմեն Սարգսյանին իրենց կողմը «քաշելու» հարցում՝ նպատակ ունենալով նրա քաղաքական հենարանի վրա կառուցել իրենց գործունեությունը։ Սակայն այդքան էլ հեշտ չէ դիվանագետ Արմեն Սարգսյանին «պոկել» իր աշխարհից ու ներքաշել քաղաքական անհեռատես խաղերի մեջ։ «Եթե Արմեն Սարգսյանը քաղաքականությամբ զբաղվելու անհրաժեշտություն զգա, ինքը կնախաձեռնի դա, ոչ թե ուրիշների սցենարի մաս կդառնա»,- վստահ ասաց մեր աղբյուրը»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է առաջիկայում հանդիպում ունենալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Դա ամենամսյա հանդիպումն է վարչապետի հետ լինելու, որը գրեթե ամեն ամիս ավանդույթի համաձայն լինում է: Ըստ իմքայլականների` պատգամավորները պատրաստվում են վարչապետի հետ ամփոփել տարին ու նրան ուղղել այն հարցերը, որոնք նրանց անհանգստացնում են: Օրը դեռեւս հստակեցված չէ, քանի որ այն պետք է հարմարեցվի ՀՀ վարչապետի օրակարգի հետ»:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, խորհրդարանն օրերս եւս վեց ամսով երկարաձգեց 2016-ի ապրիլ յան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ հրավիրվել եւ առաջիկայում հրավիրվելու են տարբեր քաղաքական եւ ռազմական գործիչներ, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ։ Իր վերջին հայտարարություններից մեկում Քոչարյանը փաստել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջին փուլում հանձնաժողով կհրավիրվեն նաեւ Սերժ Սարգսյանը, Յուրի Խաչատուրովն ու Հայկազ Բաղմանյանը։ Թեմայի հետ կապված՝ թերթին տեղեկություն է հասել, ըստ որի, հանձնաժողով հրավիրվածների մեջ հնարավոր է լինեն նաեւ անակնկալներ։ Մասնավորաբար, ըստ մեր աղբյուրների, քննարկվում է տարբերակ, որ հանձնաժողովում զրույցի «կանչվի» նաեւ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի շոուի գլխավոր բաղադրիչներից մեկն ապահովված լինի։ Թերթի աղբյուրը փոխանցել է, որ սա հիմնականում արվում է՝ ընդդիմադիր հատվածի կողմից ավելորդ խոսակցությունից ու շահարկումներից զերծ մնալու համար։ Նշենք, որ ժամանակին, երբ Փաշինյանը դեռեւս ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե «Ապրիլյան պատերազմը հրահրվել եւ կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին ԵԱՏՄ բերելու նպատակով»։
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը պաշտոնանկությունից հետո պարբերաբար խոսում է Հայաստանում դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժերի, թելադրված օրակարգերի մասին, որոնք մեր երկրի համար վտանգ են ներկայացնում։ Ո՞վ, եթե ոչ Վանեցյանը, կարող է այս մասին հրաշալի իմանալ՝ բոլոր մանրամասներով։ Եթե սա հնչում է որպես նախկին պաշտոնյայի կարծիք, հասկանալի է, բայց էլի խնդրահարույց։ Բայց սա ասում է նաեւ մի մարդ, որը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունի եւ ակտիվ աշխատանքներ է այդ ուղղությամբ տանում։ Վերջինիս քաղաքական մուտքը կարող է բարդ լինել մի քանի առումներով. նախ` նրա մրցակիցները, ընդդիմախոսները կպահանջեն այս առումով փակագծեր բացել, խոսել սպառնացող վտանգների մասին, ու այստեղ Վանեցյանը կհայտնվի երկու քարի արանքում՝ պահել սպայի լռությու՞ն, թե՞ խոսել ու քաղաքական մարտի բռնվել։ Քանի որ ԱԱԾ նախկին պետը պատրաստվում է քաղաքական հայտ ներկայացնելու եւ կամա թե ակամա անընդհատ հիշում է այս ուժերին, ուրեմն շախմատային լեզվով ասած, ձեռք է տվել, պիտի խաղա։ Իմա՝ եթե պետությանը վտանգ են ներկայացնում դրսի որոշ ուժերի հայաստանյան կցորդները, պետք է հատ-հատ նրանց մերկացնել, ինչպես կասեր Վանեցյանի նախկին շեֆը, «փռել ասֆալտին, ծեփել պատերին»։ Սա կլինի մաքուր տողից սկսված քաղաքական գործունեություն, հասարակության առաջ ազնիվ պահվածք եւ ասած խոսքը օդում չթողնելու ապացույց։ Բնականաբար, այս գործողությունները լի են վտանգներով, որովհետեւ այդքան հեշտ չէ դուրս գալ եւ՛ այս պահին պետությունը ներկայացնող, եւ՛ ֆինանսական ներուժ ունեցող ուժերի դեմ։ Դրա համար քաղաքականապես բոբիկ Վանեցյանին այս գործում պետք է փորձված, քաղաքականապես հասուն ու խելացի թիմ, իսկ քաղաքական գործիչների «ներսն» ու «դուրսը» իմանալու հարցում ԱԱԾ նախկին պետը, թերեւս, անգերազանցելի է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի ավագ որդին՝ Արտյոմը, մոտ օրերս բանակ կզորակոչվի։ Նա սովորում է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսում։ Ու չնայած առողջական որոշ խնդիրներ ունի եւ կարող էին զինծառայության մեկնելը գոնե վեց ամսով հետաձգել, սակայն ծնողների եւ իր պնդմամբ որոշել են ծառայությունը չհետաձգել։ Հնարավոր է, որ զորակոչվի անգամ մինչեւ Ամանոր։ Թե որտեղ է ծառայելու, ծնողները պատկերացում չունեն, ասում են՝ վիճակահանությամբ է որոշվելու։ Ավելին՝ տղայի մայրը՝ Նոնա Վանեցյանը, որը մի քանի ամսից երրորդ զավակը կունենա, ասում է, որ բանակը պարտադիր է տղայի համար եւ այնտեղ տղաները տղամարդ են դառնում»:
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Իրավունքին» տված վերջին հարցազրույցից հետո, որում մասնավորապես, ասել էր. «Ինձ համար ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է, սա կոչվում է հոգեորսություն», որոշել է երեք ամիս այլեւս մեզ հարցազրույց չտալ: - Շատ սուր ես գրում, տենց չեղավ:- Բայց ինչն եմ սուր գրել ախր, պարոն Աղազարյան, ինչ ասել եք, դա եմ գրել: Ավել բա՞ռ եմ գրել: - Չէ, բայց դե հիմա չեմ խոսում, երեք ամիս չեմ խոսելու»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ամանորյա խնջույք անցկացնել: Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է, թե որ ռեստորանում է այն կայանալու: Իհարկե, իմքայլականներից շատերը դեռեւս իրենց համաձայնությունը չեն էլ հայտնել՝ «քեֆին» մասնակցել-չմասնակցելու հետ կապված: Ըստ տեղեկությունների՝ հստակեցվում է նաեւ, թե արդյոք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է այդ հավաքույթին, թե ոչ, քանի որ վերջինս եւս չի խոստացել, որ ներկա է գտնվելու»:
«Իրատես» թերթը գրում է. ««Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ բավական լավ, բարիդրացիական հարաբերությունների մեջ է: Իրար հետ հավեսով համագործակցում են, ծրագրեր իրականացնում, չեն դժգոհում միմյանցից: Եթե անգամ անհամաձայնություններ ունեն, քննարկում են ու գտնում ոսկե միջինը»,- ասաց «Իրատեսի»՝ Վանաձորի քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրն ու վստահեցրեց, որ, ի տարբերություն Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանի, Ասլանյանի ու Ղուկասյանի ջրերն անխռով են մի առվով հոսում: «Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու խորհրդարանական համանուն խմբակցության հետ ինչպե՞ս են աշխատում քաղաքապետարանն ու մարզպետարանը, տարաձայնություններ կա՞ն»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան մեր զրուցակիցն ասաց, որ ԼՀԿ-ականները 2018-ի քաղաքական վերադասավորումներից ակնկալիքներ ունեին, թե Վանաձորում նույնպես կարող է «իրավիճակ փոխվել»: «Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ, քանի որ, ըստ երեւույթին, ներկա իշխանությունները չէին ցանկանում, որ Վանաձորը «լուսավորականների» ձեռքում հայտնվի, հետեւաբար ընտրեցին ամենաօպտիմալ լուծումը՝ հաշտ ու խաղաղ աշխատել Ասլանյանի ու նրա թիմի հետ, «ջան ասել, «ջան» լսել: Ինչ վերաբերում է Ղուկասյան-Խեչումյան «հակամարտությանը», ապա կարծում եմ՝ այստեղ նոր զարգացումներ կլինեն: Պարոն մարզպետը թե՛ մասնավոր, թե՛ հրապարակային զրույցներում հայտարարում է, որ հետեւողական է լինելու Ալավերդու քաղաքապետի՝ նախկին ու ներկա գործունեության հարցում: Ի դեպ, նախկինների հետ աշխատածներից միայն Խեչումյանը չէ, որ Ղուկասյանի ուշադրության կենտրոնում է, ուղղակի, ի տարբերություն նրա, մյուսներն ավելի «շուստրի» են գտնվել ու ժամանակին խելամիտ փաստաթղթավորում իրականացրել»,- նշեց նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ փոխնախարար Լուսինե Առաքելյանը ԱԺ կրթության մշտական հանձնաժողովում նոյեմբերի 11-ին փորձել է ներկայացնել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, սակայն քննարկումը, կարելի է ասել, տապալվել է։ Բանն այն է, որ փոխնախարարն օրենսդիրներին է ներկայացել անպատրաստ, օրենքների փաթեթն էլ է եղել կիսատ-պռատ, ոչ լիարժեք, անհասկանալի առաջարկներով։ Պատգամավորներին փոխնախարարի ինքնավստահությունը հունից հանել է։ Նա չի կարողացել ներկայացնել, թե հանրակրթության մասին օրենքում ինչ փոփոխություններ են նախատեսում անել, թե ինչով նախկին օրենքը չի բավարարում։ Օրենսդիրները հակադարձել են, թե խոսքը պատասխանատու ոլորտի մասին է, եթե չկա պատկերացում, մոտավոր տեսլական, ապա ճիշտ կլինի քննարկումը հետաձգել հաջորդ տարի։ Ասել են, որ պատրաստ են հունվարին հանձնաժողովի արտահերթ նիստ անել եւ լսել նախարարության տեսակետը, որ հասկանան՝ ինչ են ուզում փոխել։ Փոխնախարարն ինչ-որ վերնագրեր է կարդացել՝ փորձելով համոզել, թե որ հոդվածներում փոփոխությունների կարիք կա, սակայն բազմաթիվ հարցեր են ծագել, որոնց նա չի կարողացել պատասխանել։ Ի վերջո, օրենսդիրները հորդորել են հետ տանել առաջարկը, գործին մոտենալ ավելի մեծ պատասխանատվությամբ եւ գալ, երբ պատրաստ կլինի։ Ասում են՝ այդ քննարկումից հետո Լուսինե Առաքելյանը դեպրեսիայի մեջ է հայտնվել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շուրջ թեժացած կրքերը ոչ մի կերպ չեն դադարում: Նախ` քրգործ է հարուցվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք տեղի ունեցած շինաշխատանքների յուրացումների կասկածանքով, բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ուժային կառույցներում այժմ հետաքրքրված են մեկ տարի առաջ տեղի ունեցած, ՀՖՖ-ի կողմից ֆինանսավորվող շինաշխատանքներով, որոնք վերահսկվել են ՀՖՖ տեղակալներ Արմեն Մելիքբեկյանի կամ Արմեն Նիկողոսյանի կողմից: Ու քանի որ ՀՖՖ նախագահի եւ գործկոմի ընտրությունը շատ քաղաքականացվեց մեր երկրում, ֆուտբոլային կյանքին տեղյակները այսպիսի մտավախություն ունեն. քանի որ ՀՖՖ շուրջ տեղի ունեցողը պարբերաբար զեկուցվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին, չի բացառվում` հենց քաղաքականացվածության պատճառով ՀՖՖ-ն երկու եւ ավելի տարով որակազրկվի: Մի խոսքով, ՀՖՖ-ի շուրջ իրավիճակը խառն է ե՛ւ ներսում, ե՛ւ դրսում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախօրեին Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումները բավականին ակտիվ են անցել: Մենք տեղեկացանք, որ մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է եղել, եւ բացի ջերմուկցիներից, քննարկմանը մասնակցել են նաեւ այլ քաղաքների բնակիչներ: Ավելին, մենք տեղեկացանք, որ քննարկմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, այսինքն` անձինք, ովքեր մշտապես էլ դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը: Ինչպես հայտնի է, հանրային քննարկման թեման Ամուլսարի տարածքում գտնվող գույքի ձմեռացմանը թույլտվություն տալու մասին հարցն էր: Հանրային քննարկման ժամանակ հարցը դրվեց քվեարկության, եւ բոլորը միաձայն դեմ արտահայտվեցին թույլտվություն տալուն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շինանյութի, մասնավորապես` քարի, ավազի շուկաները վերահսկողությունից դուրս են մնացել: «Ժողովուրդ» օրաթերթը շրջայց է իրականացրել եւ պարզել, որ քարն է՛լ, ավազն է՛լ ավելի էժան գնով են վաճառվում քարի եւ ավազի հանքերում, քան շուկայում: Նախ՝ նշենք, որ քարի գինը որոշվում է չափերով: Որքան մեծ է, այնքան թանկ է: Բացի այս, քարն է՛լ, ավազն է՛լ վերջին շրջանում զգալի թանկացել են: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է շինարարության ոլորտի աճով: Օրինակ` 1 հատիկ քարը՝ 22 չափ, մի քանի ամիս առաջ վաճառվում էր 180 դրամով, հիմա այն արժե 220-250 դրամ, մինչդեռ այն վերավաճառողները քարի հանքերից ձեռք են բերում ավելի էժան գնով եւ զգալի տարբերությամբ վաճառում: Բացի այս, սպառողներին զայրացնում է այն, որ քար վաճառողները ավտոմեքենաներով են հաշվարկում արժեքը. ինչքան շատ, այնքան գինը ցածր: Նույն պատկերն է նաեւ ավազի շուկայում: Օրինակ` մեկ բեռնատարով ավազը հանքից գնում են 15 հազար դրամով, բայց շուկայում վաճառում 20-22 հազար դրամով»: