Մեր իշխանությանը դուր չի գալիս Սահմանադրական դատարանի այս կազմը և հատկապես նրա նախագահ Հրայր Թովմասյանը: Մեր ուշքը չի գնում Հրայր Թովմասյան+ վեցնյակի համար, սակայն մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն իրավական, իսկ քաղաքական պրեսինգ, որը եղել է նախկինում ու հույս ունեինք հիմա չի լինի, չլինի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Նա ամբիոնից ցուցադրեց Գեղարքունիքի մարզի Շատվան, Դրախտիկ, Լիճք գյուղերի, Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան դպրոցների անմխիթար վիճակը փաստող լուսանկարներ՝ հայտարարելով, որ այս ու շատ այլ դպրոցներ վերանորոգման կարիք ունեն, սակայն դրանց վերանորոգման համար կառավարությունը նաև 2020 թվականի բյուջեով գումարներ չգտավ: Սակայն փոխարենը նույն կառավարությունը բերել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, վերևից ներքև քաղաքական է։
«Այն, որ այս նախագիծը քաղաքական է և Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է, բաց ու հրապարակային ասաց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ գործընթացը ուղղակիորեն քաղաքական է: Եվ ահա, հարգելի քաղաքացիներ, մեզ առաջարկվում է մեր հարկերից 630 միլիոն դրամ վճարել «Հրայր Թովմասյան ընդ քոմփանի»-ին, որ նրանք գնան տուն ու նստեն թախտին և ստանան իրենց աշխատավարձերի չափ թոշակներ։ Հարց՝ ինչո՞ւ, այդ ո՞նց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այդ «կանտորան», հարկատուներս չպիտի լուծենք առաջանահերթ խնդիրները, այլ վճարենք մարդկանց, որոնք մատնվելու են անգործության»,- վրդովված հայտարարեց Զոհրաբյանը:
Ապաև զգուշացրեց՝ կոչով դիմելով հենց ՍԴ անդամներին.
«Եթե դատավորներից որևէ մեկը գայթակղվի այս առաջարկից, պետք է հիշի, որ որևէ իշխանություն հավերժ չէ, և իշխանության փոփոխությունից հետո ոչ միայն վերադարձնելու են այդ բոլոր գումարները, այլ նաև նրանք ենթարկվելու են քրեական պատասխանատվության»։