25.11.2024
Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն
prev Նախորդ նորություն

Արայիկ Հարությունյանի դեմ սև PR-ը չի ստիպի շեղվել ընտրած ուղուց. խոսնակ

Արցախի նախկին վարչապետ, 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանի դեմ ընթացող տեղեկատվական արշավն ուղղորդված է և կառավարվում է մի շարք կենտրոնների կողմից: Այս մասին Facebook-ում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը` անդրադառնալով վերջին օրերին Հարությունյանի դեմ տարվող ակնհայտ սև PR-ին։


Խոսնակը խնդիրը պայմանավորում է «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում գալիք նախագահական ընտրություններին նրա թեկնածության առաջադրման մասին հնչեցված հայտարարությամբ և  այդ օրը Արայիկ Հարությունյանի կողմից արված մի շարք սուր հայտարարություններով, որը «որոշ նեղ քաղաքական շրջանակներ անթաքույց կերպով շատ ծանր են տանում». 


«Առաջին խումբը հիմնականում ներարցախյան շրջանակներից է, որը համագումարին նախորդող շաբաթներին անընդհատ կեղծ լուրեր էր տարածում Ստեփանակերտում և շրջաններում, որ իբր Հարությունյանի դեմ կոմպրոմատներ կան, և ՀՀ Վարչապետը թույլ չի տալու, որպեսզի այդ առաջադրման վերաբերյալ որոշումը կայացվի: Սակայն նախ Հայրենիք խմբակցության և կուսակցության առաջնորդի՝ ՀՀ իշխանությունների հետ Երևանում օրեր առաջ ունեցած բարձր մակարդակի հանդիպումները, ապա Շուշիում կայացած համագումարը այդ խմբի անդամների համար սառը ցնցուղ եղան, և դրանք այսօր հիմնականում զբաղված են ֆեյսբուքյան հարթակում ֆեյք էջերով պարոն Հարությունյանի դեմ հիմար ու անմակարդակ գրառումներ կատարելով


Երկրորդ խումբը կամ դաշինքը ՀՀ-ում է: Այս ուժերը բացառապես ՀՀ գործող իշխանությունների արմատական ընդիմություն հադիսացող թևերն են, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում սևացնելու ամեն ինչ՝ անկախ դրանց ունեցած դրական որակից: Այդ են վկայում լրատվամիջոցներում պատվիված հոդվածների քանակն ու դրանցում տեղ գտած զառանցանքները, իսկ Գառնիկ Իսագուլյան կոչված ծաղրածուն այդ ամենի գագաթնակետն էր: Ու, վերլուծելով ստեղծված իրավիճակը, համոզված կարող եմ եզրակացնել, որ ամեն ինչ այսքանով ոչ թե ավարտվում, այլ նոր է սկսվում:


Ասելիքս ուղերձ ունի. մենք մեր ընտրած ուղուց չենք շեղվելու: Մեզ համար կարևոր չէ, թե որ անհատը կամ քաղաքական ուժը սեփական կամ այլոց շահերի համար մեր դեմ ինչ քար է շպրտելու: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը՝ անկախ բոլոր տեսակի վայնասուններից: Արցախով երդվողներին էլ տեսանք, Արցախի անունից ուրիշներին քննադատողներին էլ: Ու եթե ոմանց համար Արցախն ընդամենը շահարկման գործիք է, մեզ համար այն Սուրբ Հայրենիք է: Իսկ Արայիկ Հարությունյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի դեմ հայտարարված ճղճիմ տեղեկատվական պատերազմը անփառունակ ավարտ է ունենալու, ինչպես դրա պատվիրատուների՝ տարիներ տևած գործելաոճը...»,- եզրափակել է Պողոսյանը։