24.11.2024
Դավթաշենի նախկին թաղապետը հափշտակել է բարեգործական հիմնադրամի միջոցները. քրգործ կա
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում հակառուսական քարոզչությունը պետք է համարվի մարգինալություն

ՀԱՊԿ-ը բոլորովին էլ անվտանգության համակարգ չէ Հայաստանի համար։ Դա մեզ գերի վերցնող համակարգի հսկիչն է։ Անվտանգության համակարգը ՆԱՏՕ-ն է իր մասնակից անդամների համար։ Այդ կառույցը կոչված է որպես ժողովրդավարական երկրների անվտանգության համակարգ։ Մեր դեպքում ՀԱՊԿ-ը վտանգավոր, բռնապետական երկրների անվտանգությունն ապահովող համակարգ է։ Այդ մասին Lragir.am-ի հետ զրույցում հայտարարել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:


ՀՀ-ում ռուսաֆոբներին սկսել են տրամադրել արտահայտվելու հարթակներ և հայ-ռուսական հարաբերություններին հարվածելու համար, ինչը շատ վտանգավոր է: ԱՄՆ, Արևմուտքը ֆինանսավորելով Սորոսի և այլ հիմնադրամների միջոցով տարբեր կայքեր և հարթակներ դրանք օգտագործում են հակառուսական քարոզչության համար, իսկ ռուսաֆոբ գործիչներին էլ փորձում են ներկայացնել, որպես opinion maker:


Ազատ Արշակյանն աբսուրդային հայտարարություն է անում այն մասին, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար անվտանգային համակարգ չէ: ՀԱՊԿ-ը կոչված է ապահովելու իր անդամ-պետությունների անվտանգությունը, այն ռազմական կառույց է և կարելի է ասել ՌԴ-ի ՆԱՏՕ-ն է հետխորհրդային տարածքում: Ըստ ՀԱՊԿ-ի կանոնադրության՝ հարձակում անդամ-երկրներից որևէ մեկի, այդ թվում ՀՀ վրա նշանակում է հարձակում բոլորի վրա: Դա նշանակում է, որ Հայաստանը, գտնվելով ՀԱՊԿ-ում, կարողանում է պաշտպանված լինել ՌԴ-ի պես միջուկային գերտերության բանակի կողմից՝ դա և՛ ռազմական, և՛ ռազմա-քաղաքական, գեոպոլիտիկ առավելություններ է ստեղծում թուրք-ադրբեջանական տանդեմով շրջապատված երկրի համար:


Բացի այդ, Արշակյանը ՀԱՊԿ անդամ-երկրներին անվանում է բռնապետական երկրներ՝ այդ կերպ հարվածում է ՀՀ-ի հարաբերություններին ՀԱՊԿ անդամ-երկրների և ՀՀ թիվ մեկ ռազմա-քաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ կապերին: Դա կարող է հանգեցնել թե՛ դիվանագիտական սկանդալի, թե՛ քաղաքական և ռազմական հետևանքների ՀՀ-ի համար: ՀԱՊԿ-ի անդամ թյուրքախոս երկրներն էլ ավելի կհամախմբվեն Ադրբեջանի շուրջ՝ անտեսելով Երևանի շահերն ու դիրքորոշումն առաջին հերթին ղարաբաղյան հարցում:


Արշակյանը նաև անդրադառնում է ռուսական զենքերի որակին. չլինելով ռազմական փորձագետ և ոլորտի մասնագետ նա ռուսական զենքերը անորակ է անվանում այն պարագայում, երբ ամբողջ աշխարհը, այդ թվում մի շարք գերտերություններ ի դեմս Չինաստանի, Հնդկաստանի և այլն, նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան գնում են ռուսական զենք: Արշակյանը նշում է, որ ռուսական զենքերը ՀՀ-ին Ադրբեջանի դեմ պատերազմում ոչ մի առավելություն չեն տալիս այն պարագայում, երբ Մոսկվան Հայաստանին նորագույն ռուսական զինատեսակներ է վաճառում՝ նաև Իսկանդեր ռուսական ներքին գներով, ինչը թույլ է տալիս համեստ ռազմական բյուջե ունեցող Հայաստանին պահպանել բալանսը միլիարդավոր դոլարների ռազմական բյուջե ունեցող Ադրբեջանի հետ, որի թիկունքին են Թուրքիան, Իսրայելը, Պակիստանն ու այլք:


«Ռուսական զենքերի որակը հայտնի է, դրանք պարզ են, որակով չեն և էժան են։ Ընդհանրապես, էժան ապրանքն անորակ է լինում։ Առաջին կարգի զենքերը ՆԱՏՕ-ում է։ ՆԱՏՕ-ի բանակը զինված է ժամանակակից զենքերով՝ իրենց որակական հատկանիշներով և արդիականությամբ։ Իսկ Ռուսաստանն իր անորակ զենքերը վաճառում է իր նման երկրների։ Օրինակ՝ մեզ, Ադրբեջանի դեմ կռվելու համար, դա մեզ ոչ մի առավելություն չի տալիս։ Նրանց զենքը լավը չի»,- մասնավորապես նշել է Արշակյանը:


«Կեցցե հայկական բանակը, որ առանց ՀԱՊԿ-ի կարողանում է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը»,- հավելել է Արշակյանը:


Արշակյանը երևի տեղյակ չէ կամ չի հասկանում թուրքական գրեթե մեկ միլիոնի հասնող բանակի հզորությունը, որը մի քանի ժամում կարող է գրավել Հայաստանը՝ թուրքական 3-րդ դաշտային բանակը կանգնած է Արարատի ստորոտում և ունի բավականին ներուժ գրավելու մայրաքաղաք Երևանն ու կիսելու ՀՀ տարածքը Ադրբեջանի հետ միավորվելու համար: Այդ ռազմական օպերացիային զսպող միակ գործոնը ռուսական զորքերն են, որոնք հսկում են հայ-թուրքական սահմանը:


ՀՀ զինված ուժերն առկա մարդկային և ռազմական ռեսուրսներով կարողանում են պահպանել միայն հայ-ադրբեջանական սահմանն ու Արցախի անվտանգության երաշխավորն են՝ ՀՀ-ն այս պահին չունի այն ներուժը, որ միայնակ կարողանա դիմագրավել ՆԱՏՕ-ում թվաքանակով երկրորդ բանակ ունեցող Թուրքիային, որը ռազմական գործողություններ է իրականացնում և ուժ է պրոյեկտում իր հարևանների տարածքների նկատմամբ՝ Սիրիա, Իրաք, ժամանակ առ ժամանակ նաև Հունաստան, ինչպես նաև 1974թ.-ից սկսած օկուպացրել է Կիպրոսի հյուսիսը:


Այն ուժերն ու գործիչները, որոնք հակառուսական պլատֆորմի հիման վրա և ռուսաֆոբ հռետորաբանությամբ հարվածում են հայ-ռուսական կապերին և դրանով վտանգում ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունը պետք է դիտարկվեն, որպես մարգինալներ, իսկ նրանց կարծիքը համարվի աբսուրդային և ծայրահեղ սխալ: