ՀՀ կառավարությունըն այսօր հավանություն տվեց դեռևս 2010 թվականի սեպտեմբերի 29-ին Լանզարոտում ստորագրված ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Առաջիկայում կառավարությունը կդիմի Սահմանադրական դատարանին՝ միջազգային այս պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով: Եթե որոշումը լինի դրական, ապա նախագիծը կներկայացվի ԱԺ:
Նշենք, որ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ընդունվել է 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, իսկ ուժի մեջ է մտել 2010 թվականի հուլիսի 1-ից։ Այս պահի դրությամբ այն ստորագրվել է 47 պետության, ուժի մեջ է մտել 44 պետության համար։
Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից եւ չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ, որոնք կիրառելի են բոլոր եվրոպական երկրներում:
Կոնվենցիայի նպատակներն են՝ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, սեռական հանցագործություններից տուժած երեխաների իրավունքների պաշտպանությունը և երեխաների սեռական շահագործման ու սեռական չարաշահման դեմ ներպետական եւ միջազգային համագործակցության խթանումը:
Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու չարաշահման բոլոր ձեւերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար, այդ թվում՝ մշակել եւ իրագործել համապատասխան մեխանիզմներ, հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ իրավապահ եւ դատական մարմիններում։
Կոնվենցիայի Կողմ պետությունների միջեւ համագործակցությունը իրագործվելու է՝ երեխաների սեռական շահագործումը եւ չարաշահումը կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով, տուժողներին պաշտպանելու և աջակցություն տրամադրելու նպատակով, կոնվենցիայով նախատեսված քննություն եւ վարույթներ իրականացնելու նպատակով։
Ըստ հիմնավորման՝ Կոնվենցիայի վավերացմամբ հնարավորություն կստեղծվի ՀՀ-ում համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել ուղղված երեխաների սեռական շահագործման և նրանց հանդեպ սեռական բնույթի բռնության դեմ կանխարգելմանն ու պայքարելուն և սեռական շահագործումից ու սեռական բռնությունից տուժած երեխաների իրավունքները պաշտպանելուն: Ավելին, Կոնվենցիայի վավերացումը կնպաստի երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում երեխայի լավագույն շահերի ապահովման առաջնահերթ ուշադրություն դարձնելուն ու կխթանի Կոնվենցիայի կողմերի միջեւ միջազգային համագործակցությունը: