23.11.2024
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Իտալիա
prev Նախորդ նորություն

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու փաստաթուղթը

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երկու օր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր. «...Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»: Նա հրաժարվել էր ասել, թե կոնկրետ ինչ նկատի ունի: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:


«ՀՔԾ-ի այսօր տարածած հաղորդագրությունից տեղեկացա, որ իր հայտարարության վերաբերյալ քննիչի հարցին ի պատասխան Արա Բաբլոյանն ասել է. «Ճիշտն ասած, ի նկատի եմ ունեցել այն, որ ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ԱԺ պատգամավորի պաշտոնից է նշանակվել վարչապետի պաշտոնում և պատգամավորական մանդատից հրաժարական չի ներկայացրել: Եթե ենթադրենք՝ Հրայր Թովմասյանի դեպքում խախտում էի թույլ տվել այն մասով, որ նա պատգամավորական մանդատից հրաժարական չէր ներկայացրել, սակայն արձանագրել էի նրա պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարած լինելու հանգամանքը, ապա նույն խախտումը ենթադրաբար թույլ էի տվել նաև Նիկոլ Փաշինյանի դեպքում: Սակայն փաստաբանիս հետ իրավաբանական խորհրդակցությունից հետո հասկացա, որ նման պայմաններում պետական մարմնում պաշտոնի նշանակվելուց հետո պատգամավորի լիազորությունները, ՀՀ Սահմանադրության 2015 փոփոխությունների 95-րդ հոդվածի համաձայն, ինքնաբերաբար, իրավունքի ուժով դադարում են: Իմ կողմից տրված հարցազրույցի մասով ավելացնելու այլ բան չունեմ»:


Ստորև բերված լուսանկարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու համաձայնության փաստաթուղթն է, որը ժամանակին ներկայացվել է ՀՀ ԱԺ-ին և ժամանակին նաև ԱԺ կայքում հրապարակված է եղել: Իրավաբանները կփաստեն, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց նրա, որպես պատգամավորի լիազորությունները օրենքի ուժով էին դադարում: Բայց միևնույն ժամանակ ակնհայտ էր, քանի որ Սահմանադրությունը կոնկրետ անձի համար էր գրվել, բաց էր թողնվել այն տարբերակը, որ պատգամավորը ևս կարող է վարչապետ ընտրվել: Ուստի, վարչապետի առաջադրման համաձայնության տեքստը սարքելիս, ստանդարտ տեքստի վերջում, ամեն դեպքում, ավելացրեցի. «Ընտրվելու դեպքում վայր եմ դնում պատգամավորի իմ լիազորությունները»: Փաստորեն իմ տառակերությունն ի զուր չէր», - ասված է նրա գրառման մեջ, որի հետ նա հրապարակել է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու համաձայնության փաստաթուղթի լուսանկարը: