24.11.2024
Ծանր պարտության հետքերով. ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀԿ-ի կազմաքանդվելը թաքցնել չի լինում՝ Աջափնյակը վկա

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ Աջափնյակի գրասենյակը, որը ժամանակին պատված էր «Առաջ, Հայաստան», «Դեպի ապահով Հայաստան» գրություններով պաստառներով, ապամոնտաժվում է։ Ժամանակին ՀՀԿ այս գրասենյակում էին նստում Գալուստ Սահակյանը եւ այլ ՀՀԿ-ականներ։ Գրասենյակը ներկայումս կիսաքանդ վիճակում է, պաստառները պոկված են։ Հավանաբար այդ տարածքում այլ նշանակության օբյեկտ է լինելու։ ՀՀԿ գրասենյակների փակումը նշանակում է, որ երբեմնի իշխանավորներն այլեւս միջոցներ չունեն գրասենյակ պահելու, կամ այլեւս դրա անհրաժեշտությունը չկա, թեեւ չեն դադարում խոսել հնարավոր հետվերադարձի, հակահեղափոխության մասին»։


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցել (իշխանություն յուրացնելը): Այս գործով, ըստ ամենայնի, մեղադրանք կառաջադրվի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ, քանի որ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել դատախազին՝ հայտնելով, որ Թովմասյանը խախտել է Սահմանադրության 95-րդ հոդվածը եւ պատգամավորական մանդատի հետ անհամատեղելի գործունեություն ծավալել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար Հրայր Թովմասյանի թեկնածությունն առաջադրել է փետրվարի 16-ին։ Ու թեեւ նույն օրը Թովմասյանը ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում, սակայն պատգամավորական մանդատից չի հրաժարվել: Ինչպե՞ս է ԱԺ-ն թույլ տվել նման ապօրինություն: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարճ պատասխանեց. «Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում, այնպես որ, այս պահին ես զբաղված եմ ու չեմ կարող խորանալ Ձեր հարցի մեջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին՝ պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը, որը հարուցվել է երեկ։ «Կրկին գործ ունենք այն դեպքի հետ, երբ իրավակիրառ մարմինները գտնում են, թե Հայաստանում օրենսդրությունը բաղկացած է միայն քրեական օրենսդրությունից ու ոչ Սահմանադրությունից, եւ ապա` խիստ անընդունելի եմ համարում ՍԴ նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը, քանի որ փաստն ինքնին խախտում է ինչպես դատարանների անկախությունը, այնպես էլ իրավական պետության հիմքերն ու հենքը։ Առաջիկայում ես պատրաստվում եմ այս եւ երկրում տեղի ունեցող քրեական արդարադատության հարցերին անդրադառնալ խորքային-մասնագիտական եւ միջազգային իրավունքի տեսակետից»: Իսկ եթե մեղադրանք առաջադրվի՞ Թովմասյանին։ «ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի, սակայն այստեղ կարեւոր նրբություն կա, որի մասին առաջիկայում կխոսեմ»:


«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից: Երբեմն նույնիսկ կոնտակտի դուրս չեն գալիս նրա կամ նրա հրահանգով իրականացվող միջնորդավորված զանգերի դեպքում: Իսկ պատճառաբանությունն ավելի քան մանկամիտ է հնչում՝ մեկ հեռախոսի հետ կապված խնդիր են առաջ քաշում, մեկ զանգը չլսելու եւ այլն: Մինչդեռ իրականում «Իմ քայլից» մի քանիսը մտահոգված են առաջիկա հնարավոր վատ սցենարներից եւ դրանց պատասխանատվությունից: Ավելին՝ որոշ գործընթացներից նրանք ցանկանում են ձեռնպահ մնալ՝ զուտ խուսափելով թաթախվել այս ամենի մեջ: Իսկ խմբակցությունում քչփչում են, թե մեկի կամ մյուսի «սանձերն» ինչու չի քաշում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք, օրինակ, իրենց պարտքը չեն համարում այս օրերին «ցեխ նետել» Հրայր Թովմասյանի վրա»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ամեն նիստից առաջ խիստ «վետո» է դրվում ներկաների առաջ. «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...»: Գործընթացին իրենց ակտիվ մասնակցությամբ առանձնապես աչքի են ընկնում Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանն ու ընդհատակում եղած ժամանակ Նիկոլին իրենց տանը պահած, «դաչաների տիրակալ» Հակոբ Սիմիդյանը: Սակայն «գործընթացի» ողբերգությունն այն է, որ «արտահոսքը» հիմա շատ ավելի է, քան նախկինում: Քայլարածները չեն հասկանում` ինչպես է դա լինում., «ումով» է լինում, «ժուչո՞կ» է դրվում, թե՞ պայմանավորված գործընթաց է, ու նոր տեխնոլոգիաներ են ուզում կիրառել, բայց թե ինչպիսի տեխնոլոգիաներ են ուզում, իրենք էլ չգիտեն»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցնծությամբ ավետում են դեպի Եվրոպա սպասվող բյուջետային չվերթների ցածր գների մասին ու հայտարարում՝ ապրի Տաթեւիկ Ռեւազյանը: Իրականությունը, սակայն, այլ է, եւ բլոգերային ազարտով այս տեղեկատվական հրճվանքը լուրջ նրբերանգներ ունի: «Փաստ» թերթի տեղեկություններով, դեռեւս 2014-15 թվականներին Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ բանակցություններ են սկսվել Ryanair եւ Wizzair ավիաընկերությունների հետ՝ մատչելի չվերթներ սկսելու վերաբերյալ: Ավիաընկերությունները, սակայն, թռիչքներ իրականացնելու համար հսկայական սուբսիդիաներ եւ արտոնություններ են պահանջել, ինչը մերժվել է, եւ բանակցությունները պարբերաբար շարունակվել են այնքան ժամանակ, մինչեւ Փաշինյանը համաձայնել է տրամադրել դրանք... Խոսքը տարեկան մոտ 5-10 մլն դոլարի մասին է, որը վճարվելու է հարկատուներիս հաշվին: Թեմայի հետ կապված գրառմամբ էր հանդես եկել նաեւ բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ Հավելենք, որ փաստացի տեղի ունեցածը ոչ թե «հեղափոխության» արդյունք է, այլ տարիներ առաջ «Բաց երկնքի քաղաքականության» ընդունման եւ ԵՄ-ի հետ «Ընդհանուր օդային տարածքի» համաձայնագրի բանակցման արդյունք։


Թերթի տեղեկություններով, առաջիկայում չի բացառվում, որ Հայաստան «գան» էլի մի քանի բյուջետային նոր ընկերություններ, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, մինչեւ 2018 թվականը կառավարությունը բանակցում էր եւս մի քանի եվրոպական ընկերությունների հետ։ Այդուամենայնիվ, կարծիքներ կան, որ ամբողջ աշխարհում նման բյուջետային չվերթները նախընտրելի չեն համարվում՝ որպես երկրորդ կարգի, ցածրակարգ սպասարկում ունեցող ծառայություն: Դրանք Եվրոպայում նախատեսված են մի քաղաքից մյուսը աշխատանքի գնալու համար, իսկ միջազգային փոխադրումների պարագայում սպասարկում են սակավ ունեւոր խավին: Ուստի, մասնագետների համոզմամբ, դա չի կարող էականորեն ազդել առավել որակյալ ու կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունների գնային քաղաքականության վրա: Հետեւաբար ցանկալի կլիներ ուրախալի լուրերի շարքում ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ... Ու մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ»:


«Իրատես» թերթը գրում է. «Հոկտեմբերի 26-ին «Արվեստի եւ մշակույթի կառավարումը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում ԱԺ երկու պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից Հրաչյա Հակոբյանն ու «Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը կմեկնեն Վաշինգտոն: «Պատվիրակության մեջ են նաեւ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ու եւս երկու հոգի, որոնց, այսպես ասած, կառավարությունն է ուղարկում: Ծրագրի նպատակն է մասնագետներին հնարավորություն տալ հանդիպելու իրենց գործընկերներին ԱՄՆ-ից կամ աշխարհի այլ երկրներից, ծանոթանալու մասնագիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող ոլորտի նորագույն զարգացումներին եւ նվաճումներին»,- ասաց մեր զրուցակիցը, հավելելով, որ բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը՝ ԱՄՆ-ի կառավարությունը: Ի հավելումն նշեց նաեւ, որ պետք է կարողանալ առավելագույնը քաղել ծրագրից. «Պարզ է, որ հենց այնպես՝ որպես բարի կամքի դրսեւորում չեն մեզ հրավիրում, ու չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ գլոբալացումից դեպի ազգայնականություն գնալու հայտարարությանը, պարզ է, որ հենց նմանատիպ ծրագրերով փորձում են որոշակի ներգործություն ունենալ ավելի փոքր պետությունների մշակութային կյանքի վրա»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում նախատեսված է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք. առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին օրենսդիր մարմնի իշխանական թեւը բուռն աշխատանքային քննարկումների մեջ է: Բանն այն է, որ կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել. մինչեւ տարվա վերջ պետք է ավարտել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի աշխատանքները: Մեր աղբյուրների փոխանցմամբ` պահանջ կա նաեւ մինչեւ տարվա ավարտը հիմնովին փոփոխել եւ ընդունել Ընտրական օրենսգիրքը: Սակայն մասնագետները վստահեցրել են, որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ իրականացնել, քանի որ խնդրահարույց կետեր կան ՏԻՄ-ի հետ կապված, ինչպես նաեւ պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել համայնքների խոշորացման հարցերի մասով: Համայնքներ կան, որոնք կտրականապես ուղղակի չեն ցանկանում միավորվել այլ համայնքների հետ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից` քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը: Հիշեցնենք․ օրերս աշխատանքից ազատվեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Նա միակն էր «Քաղպայմանագրից»` նախարարությունում։ Պատճառն Արարատ Միրզոյանի հետ վեճն էր ԱԺ-ում, բայց լուր տարածվեց, որ նրա հայրն անցնում է «Հայաստան» հիմնադրամի` Արա Վարդանյանի գործով։ Սակայն իրական պատճառն այն էր, որ Արսեն Թորոսյանն օգտվեց առիթից եւ ազատվեց միակ ՔՊ-ականից, որը բավականին լուրջ ձայներ էր բերել ՔՊ-ին` Գյումրուց, եւ նախարարի պոտենցիալ թեկնածուներից մեկն էր։ Արսեն Թորոսյանը վերջին շրջանում պրոբլեմներ է տալիս բոլոր ուղղություններով, այդ թվում եւ` Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների, եւ հնարավոր է մի օր նրան ազատելու հարցը կանգնի»: Մենք զանգահարեցինք նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին։ Ո՞րն էր Ձեր՝ աշխատանքից ազատման պատճառը։ «Ես չեմ պատասխանում այդ հարցերին։ Այս պահից սկսած` բոլոր այդ հարցերն անձնական բնույթի են, դիմեք նախարարության մամլո խոսնակին։ Երեք տարի չեմ հանգստացել, փորձում եմ հանգստանալ»: Կարծես նեղացա՞ծ եք ձերոնցից։ «Ոչ»: Արդա՞ր որոշում էր։ «Ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, անհրաժեշտության դեպքում էլի կծառայեմ»: Գո՞րծ են խոստացել։ «Չէ՜, ես Ձեզ իրավիճակն եմ ներկայացնում»: Ասում են` Ձեզ «փուռը» տվեց նախարարը, «դվա վ օդնոմ» արեց՝ հա՛մ Արարատ Միրզոյանին «բավարարեց», հա՛մ էլ Ձեզնից ազատվեց` ըստ ամենայնի օգտագործելով Ձեր հոր հետ կապված խնդիրը։ «Դա մամուլի կարծիքն է, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Արսեն Թորոսյանի հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը ռեպրեսիվ մեթոդներով փորձում է «գործ սարքել» ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Երեկ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի մոտից ոստիկանները, առանց բացատրության, 6-րդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից մեկին՝ Կարեն անունով, եւ ստիպել, որ ասի, թե ծաղկավաճառներից գումարներ է շորթել։ Նաեւ պարտադրել են գրել, թե «ով է իր կռիշը», ում է տվել շորթած գումարները: Աշխատակիցը հրաժարվել է կեղծ հայտարարություններ անել, որից հետո նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրվել՝ հարվածել են կողերին, ոտքերին: Բանն այն է, որ Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը, «Ավ գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիրն է, իսկ սա մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: Դեռեւս Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՖՖ նախագահության տարիներին մարզադաշտի տնօրինության եւ ծաղկի բիզնեսով զբաղվող ընկերություններից մեկի միջեւ կնքվել է վարձակալության պայմանագիր, եւ մարզադաշտին հարակից տարածքի մի հատվածը տարիներ շարունակ ծառայել է որպես ծաղկի մեծածախ շուկա: Մենք դիմեցինք ոստիկանություն, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունները. «Այո, Կարեն անունով քաղաքացի բերման ենթարկվել է՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով»: Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկվածները մոտ 5 հոգի են։ Նրանց մի մասի վրա կան մարմնական վնասվածքներ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ներկայացրել է հերթական ռազմավարությունը, որը կրում է «Աշխատիր, Հայաստան» անունը: Այս նախաձեռնության նպատակը Հայաստանում գործազրկության կրճատումն է, աշխատանքային պայմանների բարելավումը եւ աշխատանքի արտադրողականության բարձրացումը: Կառավարությունը մտահոգիչ է համարում, որ մեր հարեւան երկրների եւ ԵԱՏՄ անդամ երկրների հետ համեմատությամբ Հայաստանում գործազրկությունը ամենաբարձրն է, իսկ գործազուրկների մեջ 15-35 տարեկանների մասնաբաժինը կազմում է 45 տոկոս: Արդյոք այս ռազմավարությունը կօգնի՞, որ Հայաստանը աշխատի: Քիչ հավանական է, եթե նկատի ունենանք, որ չնայած գործազրկության բարձր ցուցանիշին, Հայաստանում գնալով մեծանում է աշխատանքային միգրանտների թիվը: Հայերը նախընտրում են աշխատել այլ երկրներում, որտեղ աշխատավարձը անհամեմատ բարձր է հայաստանյանից, որն ապահովում է քիչ թե շատ տանելի կենսամակարդակ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի սկզբին Փաշինյանի հետ «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը ակտիվ քննարկումների եւ քննադատությունների ալիք բարձրացրեց, սակայն Փաշինյանը այնպես ներկայացրեց իրավիճակը, կարծես թե իր եւ «Սասնա ծռերի» հարաբերությունների ջերմացումը բնականոն երեւույթ է: Եվ երբ նայում ենք քաղաքական զարգացումների տրամաբանությանը, ապա տպավորություն է առաջանում, որ Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումից հետո «ծռերը» քարտ բլանշ են ստացել վարչապետի կողմից, եւ դա է պատճառը, որ նրանք վերջին շրջանում ակտիվացել են՝ չնայած որ անցած տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ընտրություններին կարողացան հազիվ 20 հազար քվե հավաքել. ժողովուրդը պարզապես մերժեց նրանց։ Եվ քանի որ նրանք վստահության պոտենցիալ չունեն, որ կարողանան հանրային կյանքում օրակարգ թելադրել, հանդես են գալիս ծայրահեղական եւ վտանգավոր գաղափարներով: Եվ այս համատեքստում պատահական չէ, որ ամեն քայլափոխի նրանք խոսում են պատերի տակ հյուսվող դավադրությունների եւ ահագնացող ռեւանշիզմի մասին: Ավելին, հետապնդելով իրենց շահը՝ նրանք նպատակ ունեն վարչապետ Փաշինյանին կտրուկ քայլերի մղել, իսկ դրա արդյունքում վարչապետի համար նոր պրոբլեմներ ի հայտ կգան, էլ ավելի կնվազի նրա վարկանիշը:


Հենց այդ ժամանակ էլ «Սասնա ծռերը» հնարավորություն կստանան իշխանությանը դրդել իրենց երազանքի իրականացմանը՝ նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը, որի մասին անընդհատ ակնարկում են Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարուժան Ավետիսյանը: Հայաստանում ակտիվանալուց զատ «ծռերը» փորձում են նաեւ իրենց ուժերը չափել Արցախում, բայց վերջերս անցկացված ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «Սասնա ծռերին» մերժում են նաեւ արցախցիները: Եվ այս հանագամանքը հաշվի առնելով՝ այս ուժն սկսեց նոր սադրանքների դիմել, որով ոտնահարում են Արցախի ինքնիշխանությունը: Արցախի հարցում «Սասնա ծռերի» դիրքորոշումն այն է, որ բանակցային պրոցեսը ծուղակ է, որից դուրս գալու համար պետք է Արցախը միացվի Հայաստանին: Նրանք չեն ընդունում Արցախի՝ ինքնիշխան պետություն լինելու հանգամանքը եւ հայտարարում են, թե Արցախը Հայաստանի մաս է: Թերեւս սրանով էր պայմանավորված, որ «Սասնա ծռերը» բավականին խանդավառությամբ ընդունեցին Ստեփանակերտում վարչապետի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է: Ճիշտ է, Արցախը Հայաստանին միավորելը բոլորիս ցանկությունն է, բայց գոյություն ունի դա իրականացնելու ճանապարհ, որը ենթադրում է նախ Արցախի Հանրապետության դե յուրե ճանաչում որպես անկախ պետություն, որից հետո էլ տեղի կունենա նրա միավորումը Հայաստանի հետ: 


Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ գոյություն ունեցող բանակցային ձեւաչափի անտեսումը եւ հայտարարությունները, թե Արցախը Հայաստանի մարզ է, շատ վտանգավոր հետեւանքներ կարող են ունենալ հայկական կողմի համար: Իսկ Ադրբեջանը նման մի առիթ է փնտրում, որ միջազգային հանրությանը ցույց տա, թե հակամարտությունն իրենց եւ Հայաստանի միջեւ է, ապա դրանից հետո վերսկսի ռազմական գործողությունները: Սակայն սա «Սասնա ծռերին» չի հետաքրքրում, նրանց համար ամենակարեւորը կարճաժամկետ դիվիդենտներն են ու պղտոր ջրում ձուկ որսալը, եւ քանի իրենք ունեն վարչապետի թույլտվությունը, ավելի բացահայտ քայլերի են անցնում՝ ընդհուպ մինչեւ Արցախի ֆլեշմոբեր են կազմակերպում սոցցանցերում, ասենք՝ ցույց տալով, թե իբր իրենք նկարվել են «Արցախի մարզպետարանի» դիմաց: «Սասնա ծռերի» այս սադրիչ քայլերին պետք է գնահատական տրվի իշխանության կողմից, այլապես նրանք կարող են անցնել ավելի ծայրահեղ քայլերի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցությանը մարգինալացում է սպառնում նաեւ Արցախում: Ինչպես Հայաստանում, այնտեղ եւս իշխանությունները բոլոր ընտրությունների ժամանակ օգնել են այս կուսակցությանը խորհրդարան մտնելու եւ իշխանական կառույցներում պաշտոններ ստանալու հարցում: Հիմա Դաշնակցության տեղական կառույցը մտածում է ում պոչին կպչի, որ նորից մտնի խորհրդարան, եւ այդ պատճառով է, որ Դաշնակցությունը դարձել է լայն կոնսոլիդացիայի ամենամեծ ջատագովը: Հեղափոխությունից հետո այլեւս ոչ մեկը նրանց համար չի կարող ձայներ նկարել, անգամ Արցախում»: