Անտարբեր չի կարելի մնալ, հարկավոր է պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ անհապաղ պահանջել դադարեցնել դրանք: Այս մասին Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Եթե մենք հետ նայենք պատմությանը, կտեսնենք, որ միջազգային իրավունքը՝ որպես ազգերի միջեւ հարաբերությունները կարգավորող իրավական դրույթների համակարգ, միշտ է գոյություն ունեցել, քանի որ մարդկային քաղաքակրթության հենց սկզբից բոլոր պետությունները հասկացել են ազգերի միջեւ «խաղի կանոնների» անհրաժեշտությունը: Կանոններ, որոնք կարգավորում են իրենց գոյակցության պայմանները, թույլ են տալիս նրանց ապահով զգալ եւ երաշխավորել իրենց զարգացումը: Դժբախտաբար, մարդկության ողջ պատմության ընթացքում մենք նաեւ ականատես ենք եղել այս կանոնների ոտնահարման բազմաթիվ դեպքերի մեկ պետության եւ անտարբերության ու դժկամության՝ այլ պետությունների կողմից՝ կանխելու, դատապարտելու եւ լուծելու դրանք՝ արդյունքում խոչընդոտելով ոչ միայն մի առանձին տարածաշրջանի, այլ որոշ դեպքերում՝ ողջ աշխարհի եւ մարդկության զարգացումը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հանրությունը սկսեց վերափոխել եւ վերակարգավորել մեր համատեղ եւ փոխշահավետ գոյակցությունը՝ հիմնված երկրների միջեւ բոլոր բանավեճերի խաղաղ կարգավորման առանցքային համընդհանուր սկզբունքի եւ հետեւաբար՝ ուժի կիրառման անընդունելիության վրա: Այս տասնամյակների ընթացքում պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարները բազմաթիվ առիթներով արտահայտել են ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված նպատակների եւ սկզբունքների նկատմամբ իրենց հավատամքը: Եվ այսօր, չնայած հնչող քննադատությանը, միջազգային իրավունքն այն միակ գործիքն է, կամավոր ընդունված կանոնների միակ խումբը, որը թույլ է տալիս պահպանել խաղաղություն եւ միազգային անվտանգություն:
Կրկին վկայակոչելով ընդհանուր բանավեճի խորագիրը՝ «ամրապնդել միջազգային իրավունքը», պետք է նշեմ, որ այս պահին մենք հրատապ կարգով պետք է խոսենք միջազգային իրավունքի մասին ընդհանրապես եւ մարդու իրավունքների մասին մասնավորապես:
Հարգելի գործընկերներ, հենց այս պահին, երբ մենք նստած ենք այս լիագումար նիստերի դալիճում, մեր անդամ պետություններից մեկը՝ Թուրքիան, ռազմական գործողություն է ծավալում Սիրիայի քրդաբնակ տարածքներում: Մի քանի օրերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, իսկ տասնյակ հազարավորները՝ տեղահանվել: Այսօր Ղամիշլիում եւ Սիրիայի այլ քաղաքներում մարդիկ վտանգի տակ են նույն կերպ, ինչ Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում 2014 թվականին:
Ճակատագրի հեգնանքով այս արհավիրքները տեղի են ունենում այն նույն տեղում, նույն աշխարհագրական տարածքում, որտեղ հողի եւ ավազի մեջ են 100 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի մնացորդները:
Եվ ես՝ որպես մի ազգի ներկայացուցիչ, որն ականատես է եղել եւ վերապրել է 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործությունը, կոչ եմ անում բոլոր խորհրդարանականներին բարձրացնելու իրենց տագնապի ձայնը Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ:
Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը, դրան հետեւելը եւ պահպանելը 21-րդ դարում չի վերաբերում տնտեսությանը կամ աշխարհաքաղաքականությանը: Այն նախեւառաջ մարդկային կյանքերը փրկելու մասին է, նրանց իրավունքները եւ ազատությունները հարգելու մասին է, այն միջազգային հանրության բարոյականությունը եւ Միացյալ Ազգերի ոգին փրկելու մասին է:
Ես կոչ եմ անում Վեհաժողովի անդամներին դիմել գործողությունների: Ես կոչ եմ անում Միջխորհրդարանական միությանը՝ որպես կազմակերպության եւ այստեղ ներկայացված յուրաքանչյուր խորհրդարանի, անտարբեր չմնալ եւ պարզորոշ անընդունելի համարել Թուրքիայի գործողությունները եւ անհապաղ պահանջել դադարեցնել դրանք»,- ասել է նա: