ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու ԱԺ նախաձեռնությունը
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Այս մասին ասվում է դատարանի Facebook-յան էջում:
Սահմանադրական դատարանը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում: Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։
Հիշեցնենք, Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմաբկցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին: