24.11.2024
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետին
prev Նախորդ նորություն

Հայաստանում կանխել են մասնավոր խուզարկուի ծառայությունները

Քաղաքացի Արմեն Ա.-ն մասնավոր խուզարկուի ծառայություններ մատուցելու և դրա դիմաց գումար ստանալու նպատակով, հայտարարություն է տարածել համացանցային կայքերում, որի արդյունքում՝ տարբեր անձանցից որոշակի վարձատրության դիմաց, 2015 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում, շահագրգիռ քաղաքացիներին մատուցել է մասնավոր խուզարկուի ծառայություններ:

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ այդ կերպ՝ քաղաքացի Արմեն Ա.-ն, տեխնիկական սարքավորումների օգտագործմամբ, տարբեր անձանց անձնական կյանքի մասին, առանց վերջիններիս համաձայնության, հավաքել և պատվիրատուներին փոխանցել է ապօրինի տեղեկություններ:

Անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը նույն օրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգով` ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ տևական ժամանակ կատարվել է նախաքննություն:

Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործըքննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: