24.11.2024
Վահան Շիրխանյանի տանը հայտնաբերել են ատրճանակ և երկու հրացան
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետին

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեին:

Հայաստանի կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին:

Կախա Քալաձեն նշել է, որ Վրաստանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ տարբեր ուղղություններով կապերի զարգացումը և սերտացումը: Նրա խոսքով, Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագիրը նպաստավոր հիմքեր է ստեղծում տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման համար, և անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ փոխշահավետ նախագծերը կյանքի կոչելու համար:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ և բազմակողմ էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, կարևորել է Հայաստան-Վրաստան 400 կիլովատտ էլեկտրահաղորդման գծի կառուցման, ինչպես նաև այլ համատեղ ծրագրերի իրականացումը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը համագործակցության արդյունավետ ձևաչափ է, և քառակողմ հուշագրի ստորագրումը կնպաստի էլեկտրաէներգետիկ ոլորտում տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրագործմանը:

Կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին՝ ընդգծելով, որ առկա են չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ:

Այս առումով երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և գործարար համաժողովների անցկացումը: