24.11.2024
Հայաստանում կանխել են մասնավոր խուզարկուի ծառայությունները
prev Նախորդ նորություն

Սարգսյան. Հայաստանը լայնածավալ բարեփոխումների փուլ է մտնում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին են անդրադարձել այսօր կայացած հանդիպմանը:

Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունից, մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Եվրամիության աջակցության համար, ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ-ի կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար:

Պյոտր Սվիտալսկին իր հերթին հույս է հայտնել, որ 2016 թվականը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նոր որակ կհաղորդի, և մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները:

Դեսպանը վերահաստատել է Եվրամիության հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու համագործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում: