«Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա. փոխվարչապետ
«Հարավկովկասյան երկաթուղիների» հետ պայմանագիրը խզելու հարց օրակարգում չկա։ Այսօր «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Հայ-ռուսական քննարկումների օրակարգում է երկաթգծի ապագա զարգացումը եւ իրենց ռազմավարությունը։ Պայմանագիրը խզելու հարց ընդհանրապես չկա օրակարգում»,- ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ռուսական մամուլն օրեր առաջ գրել էր, թե իբր «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պատրաստվում է Հայաստանի իշխանության հետ խզել պայմանագիրը։
Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ գազի սակագնի հնարավոր փոփոխություններին. «Ռուսաստանից գնվող գազի սակագինը բաղկացած է առնվազն 3 կարեւորագույն, ֆունդամենտալ բաղադրիչներից, գինը`սահմանին, հայկական «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագիրը եւ վերջինիս ընթացիկ ծախսերը: Երեք ուղղություններով էլ բանակցություններն ընթանում են, եւ դրանց արդյունքը կոչվում է գլխավոր սխեմա, որն այսօր եւս քննարկվում է»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ բանակցությունների ավարտի վերաբերյալ հստակ ժամկետ չի կարող նշել:
«Ես կարծում եմ` շատ երկար չի տեւի, բայց կոնկրետ ժամկետ չնշեմ, որովհետեւ բանակցություններ են ընթանում, ամեն օր` նոր հարց, նոր պատասխան, նոր քննարկման տարր կարող է առաջանալ»,- ասաց փոխվարչապետը: