26.11.2024
Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ՌՏՀ-ն. Ալիեւ
prev Նախորդ նորություն

ԱԻՆ-ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել ՌԴ-ից. նախարար

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ համակարգի տեխնիկական հագեցվածության առումով խնդիրներ ունեն:


«Չենք թերագնահատում մեր հնարավորությունները, բայց միաժամանակ չենք գերագնահատում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ զարգացած երկրների համեմատ՝ ՀՀ ԱԻՆ-ի տեխնիկական զինվածությունը նույնիսկ միջին մակարդակից ցածր է:


«Մինչեւ վերջերս ձեռքի պարզագույն գործիքներ չունեինք, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ՝ գումար հատկացվեց եւ մենք ձեռք բերեցինք։ Ձեռքի գործիքները շատ կարեւոր են, օրինակ անտառային հրդեհների դեպքում մեքենայով չես հանգցնի»,– նշեց նա։


ԱԻ նախարարի խոսքով՝ տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից լավ է դոնորների կողմից ստացվածները. «Վերջինը ճապոնական ընկերությունից 18 հրշեջ մեքենա ստացանք, հիմա նոյեմբերին սպասում ենք եւս 22-ը։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, պետք է 26 տեխնիկա մեզ տան»։


Ցոլակյանը նշեց, որ ԱԻՆ-ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել Ռուսաստանից։ «Ուղղաթիռների վերաբերյալ մի քանի տարբերակ ենք քննարկել կառավարությունում։ Կարծես՝ գտել ենք լավագույն լուծումը։ Առայժմ ոչ մի ժամկետ նշել չեմ կարող, բայց եթե ամեն ինչ դրական հունով ընթանա, մենք շուտով չորս ուղղաթիռ կունենանք»,- ասաց նախարարը։


Անցած տարի անտառային հրդեհների դեմ պայքարելու, ինչպես նաեւ տուժածներին տարհանելու համար ԱԻՆ-ն օգտագործել է սանավիացիայի ուղղաթիռները։ Նախարարի խոսքով` այդ մեքենաները համեմատաբար փոքր են, նախատեսված չեն հեռավոր թռիչքների համար։ Այդ պատճառով էլ որոշվել է ունենալ ուղղաթիռային սեփական ավիացիա, թեեւ դա թանկ հաճույք է։


Նախարարը նաեւ նշեց, որ աստիճանաբար լուծվում է հրշեջ-փրկարարական ծառայության մարզային ստորաբաժանումների տեխնիկական հագեցման հարցը։ Առայժմ դա հաջողվում է տեխնիկայի տեղափոխման հաշվին. որոշ մարզեր կստանան նորը, իսկ հինը կփոխանցեն մյուսներին։