Փաշինյան-Պուտին «փայլուն» հանդիպումը տեղի է ունեցել օդանավակայանում. տեւել է 1.5 ժամ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան երկու գրառում է նվիրել ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի հետ հանդիպմանը, որը Երեւան էր ժամանել հոկտեմբերի 1-ին ԵԱՏՄ առաջնորդների գագաթաժողովին մասնակցելու նպատակով:
Հանդիպումը, ինչպես նշում է իր գրառումներից մեկում Նիկոլ Փաշինյանը, կայացել է ոչ թե Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրում, ինչպես ԵԱՏՄ պետությունների մյուսն նախագահների հետ էր, այլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայնում, որտեղից էլ Պուտինը մեկնել է Ռուսաստան:
«Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր ռազմավարական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում», - ասված է Փաշինյանի՝ Պուտինի հետ հանդիպմանը նվիրված Facebook-յան առաջին գրառման մեջ:
Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման մասին հայտարարվեց վերջին պահին՝ ԵԱՏՄ գագաթաժողովից մեկ օր առաջ: Չնայած դրան, հանրային քաղաքական շրջանակներում կասկածներ կային, որ այն իսկապես տեղի կունենա: Որպես պատճառ մատնանշվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի (որին ՀՀ-ում համարում են Պուտինի ընկերը) անազատության մեջ գտնվելու հանգմանքը եւ այն, որ Պուտինը ժամանեց Երեւան գագաթաժողովից, կարելի է ասել, որպեներ առաջ, իսկ միջոցառման ժամանակ իրեն բավականին սառն էր պահում:
Կարծես` փարատելու համար այդ կասկածները Փաշինյանն արդեն Facebook-յան երկրորդ գրառման մեջ նշում է Պուտինի հետ հանդպման տեւողության մասին, որ այն չի եղել ՌԴ նախագահի գնալուց րոպեներ առաջ՝ օդանավակայանում «ոտքի վրա» հանդիպում:
«Եւս մեկ մեկուկես ժամանոց հանդիպում ունեցա ՌԴ նախագահի հետ: Հանդիպումը կայացավ «Զվարթնոց» օդանավակայանում: Հայ-ռուսական հարաբերությունները հուսալի եւ դրական հունի մեջ են: ՌԴ նախագահը քիչ առաջ մեկնեց Հայաստանից», - ասված է գրառման մեջ: