Եգիպտոսի ԱԳՆ-ը բողոք է հայտնել Թուրքիային՝ Մուրսիի մահվան մասին Էրդողանի խոսքերի համար
Կահիրեում Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Եգիպտոսի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել:
Ինչպես հայտնում է հեռուստակայանը, արաբական հանրապետության արտաքին քաղաքական հաստատությունը բողոք է հայտնել՝ կապված ՄԱԿ ԳԱ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս կատարած հայտարարությունների հետ, որոնցում նա, մասնավորապես, ծայրահեղ քննադատորեն է արտահայտվել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահվան մասին՝ հերթական անգամ դրա պատասխանատվությունը դնելով եգիպտական իշխանությունների վրա։
Այդ խոսքերից անմիջապես հետո Եգիպտոսի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Հաֆեզը թուրքական առաջնորդին մեղադրել է ստախոսության մեջ եւ կոչ է արել համաշխարհային հանրությանը նրան պատասխանատվության ենթարկել Սիրիայում եւ մի շարք այլ երկրներում ահաբեկչությանն աջակցելու համար։
Նա նաեւ Էրդողանին մեղադրել է իր երկրում բռնաճնշումների մեջ եւ ասել է, թե նա նման հայտարարություններով փորձում է ուշադրությունը շեղել երկրի ներսում եւ միջազգային ասպարեզում իր անհաջողություններից։