24.11.2024
Ռազմավարական զորավարժություն Արցախում. օր երկրորդ
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են համագործակցության հեռանկարները

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։


Զրուցակիցները բարձր գնահատեցին ՄԱԿ կառույցների հետ հաստատված ակտիվ և արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու դրա խորացմանը և ընդլայնմանն ուղղված համատեղ քայլերը:


ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների ընթացքն՝ ուղղված երկրում իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության ամրապնդմանը և կայուն զարգացմանը, դատաիրավական համակարգում բարեփոխումների իրականացմանը։ Որպես առաջնահերթություն ընդգծվեց տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովման կարևորությունը: Երկրում տեղի ունեցող գործընթացներում Հայաստանի ԱԳ նախարարն առանձնացրեց երիտասարդության և կանանց ակտիվ ներգրավվածությունը:


Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։


Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին՝ նախարար Մնացականյանը Ռոզմարի ԴիԿարլոյին տեղեկացրեց նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մասին, ինչպես նաև ներկայացրեց հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: