ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այս պահին Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու հիմք չի տեսնում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:
Նա նշեց, որ ՍԴ մասին Սահմանադրական օրենքը սպառիչ թվարկում է այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Սակայն այս պահին պատգամավորը Սահմանադրական դատարանում չի տեսնում անկառավարելի իրավիճակ, մարմինը գործում է:
««Իմ քայլը» խմբակցությունը պարտավոր է պատգամավորների ձայների ընդհանուր թվի 3/5-ով ներկայացնել այդ նախաձեռնությունը, թե ինչպիսի որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել: Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք որևէ նախաձեռնության, առանց դրա հիմքերն ուսումնասիրելու ու վերլուծելու: Այս պահին մենք այդպիսի հիմք չենք տեսնում»,- ասաց Պետրոսյանը:
Իր հերթին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ, այդուհանդերձ, ԲՀԿ-ն չի էլ բացառում, որ հնարավոր է միանա նախաձեռնությանը: Կարևորը գիտակցելն է, որ սա այն հարցը չէ, որտեղ տեղին է էմոցիոնալ մոտեցումը.
«Մեխանիզմը, որն առաջարկվում է, բավականին մշուշոտ է, ամենակարևորն այն է, որ իրավական դաշտում գոյություն ունեցող խնդիրները լուծվեն բացառապես իրավական դաշտում։ Կա գայթակղություն, որ այս կամ այն պատճառով խնդիրների լուծումը դուրս կգա իրավական դաշտից, ինչն իր մեջ պարունակում է վտանգ։ Սա անձերի կամ պրոցեսների խնդիր չէ, պրոցեսի իրավական ընթացքի վերջնակետը մի քիչ անհասկանալի է»:
Հիշեցնենք, նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց, որ մեկնարկում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց: