25.11.2024
Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պաշտոնանկությունների շքերթը մեկնարկեց, բայց ովքե՞ր են փոխարինողները

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ։ Ազատվելու են նաեւ Դավիթ Տոնոյանը, Վալերի Օսիպյանը։ Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում։ Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրամանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեեւ շրջանառվում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը։ Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան Նավակ ճոճողի, ով չի թաքցնում իր հավակնությունները»:


«Իրատես» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի զայրույթն է առաջացնում արդեն։ Մենք գրել էինք, որ պայթյուններն անխուսափելի են, երեկվա իր ասուլիսում Փաշինյանը չբացառեց խորհրդարանը ցրելու հեռանկարը՝ ամեն ինչ հնարավոր համարելով։ Ի դեպ, մեր տեղեկություններով, այս հայտարարությունը որոշ իմքայլականների շրջանում բուռն քննարկման հարց է դարձել։ Ոմանք, իրենց գլխի գալիքը կանխազգալով, արդեն վաղուց են նոր տերեր փնտրում (Փաշինյանը բաց տեքստով մի քանի անգամ խմբակցության նիստերի ժամանակ ասել է, որ եթե հակասությունները հասնեն գագաթնակետին, կմտածի նոր խորհրդարան ձևավորելու մասին)։ Սակայն փաստն այն է, որ եթե վաղը Փաշինյանը որոշի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, չի կարող ունենալ այսպիսի մեծամասնություն, կզրկվի խորհրդարանական հենարանից, որքան էլ այն այսօր բզկտված է ու անմիաբան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Արթուր Վանեցյանի հայտարարությունից հետո, վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել էր․ «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ով է գրել այդ տեքստը։ Լավատեղյակ անձն ասաց, որ տեքստը գրել է ԱԱԾ արդեն նախկին տնօրենը՝ Արթուր Վանեցյանը, իր խորհրդականի՝ Արմեն Դավթյանի հետ։ Հիշեցնենք, որ բանաստեղծ Արմեն Դավթյանը մոտ 20 տարի աշխատել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, նրան այս տարվա մարտի սկզբին ազատեցին ՀՀ վարչապետի ռեֆերենտի պաշտոնից, եւ նա աշխատանքի անցավ ԱԱԾ-ում՝ որպես տնօրենի խորհրդական»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում աշխատանքից կազատվի ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը` Մարգարիտա Ազարյանը, ով այս պահին զբաղեցնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնականի պաշտոնը: Ազարյանը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է նախագահականի նամակների բաժնի պետը՝ 1998-2002, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետը` 2011-2018, իսկ 2018թ. հունիսի 27-ին նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի եւ կադրերի կառավարման վարչության պետ եւ ազատվել էր 2019թ. ապրիլի 2-ին՝ վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում կարող է կալանավորվել Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Բեգլարյանին կարող են մեղադրանք առաջադրել Երեւանում տարածքների ապօրինի սեփականաշնորհման, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» ավոտմայրուղու կառուցման ժամանակ թույլ տրված խախտումների համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի մասին պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե նա դարձել է իրավապահ համակարգում հարց լուծող, նոր իշխանությունների իրավական բլոկում յուրօրինակ ստվերային կարդինալ։ Նույնիսկ պատմում են, որ նրան հաճախակի կարելի է տեսնել վճռաբեկ դատարանի պալատների նախագահների աշխատասենյակներում, ինչը, ի դեպ, առաջացնում է դատավորների զայրույթը։ Մեզ անգամ պատմեցին, որ երբ դատական համակարգից մի բարձրաստիճանի դիմել են խնդրանքով՝ կապված մի բարդ քրեական գործի հետ, նրանց ուղղորդել են Ջհանգիրյանի մոտ։ Ինքը՝ Ջհանգիրյանը, հումորով է վերաբերվում նման լուրերին։ «Ի՞նչ հարց պետք է լուծեմ,- հարցրեց նա մեզ հետ հեռախոսազրույցում,- բա որ էդ բոլորի հարցերը ես եմ լուծում, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում։ Անլուրջ բաներ են, բանի տեղ մի դրեք, փիլիսոփայորեն վերաբերվեք»։ Իսկ ո՞րն է Ձեր հարցը, գուցե մի կարեւոր պաշտոն զբաղեցնելու պլա՞ն ունեք։ «Չէ։ Ո՛չ նման ծրագիր կա, ո՛չ խնդիր կա»։ Դատավորների շրջանում ասում են, որ Դուք ակտիվ եք, հնարավո՞ր է՝ կոնսուլտացիաներ եք անում, ուղղորդում։ «Ես ինչ կոնսուլտացիա որ անում եմ, իմ հրապարակային ելույթներն են։ Ես ոչ մի մասնավոր կոնսուլտացիա չունեմ, գաղտնի ծառայությունների չեմ տիրապետում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը առաջիկայում, հնարավոր է, լուծում ստանա: Մինչեւ այժմ կառավարությունը նրան տասը տարբերակ է առաջարկել, բայց դրանք բոլորը մերժվել են: Օրինակ` Սերժ Սարգսյանին Ավան վարչական շրջանում` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան հարեւանությամբ, 1 մլն 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ մեկ այլ առանձնատուն են առաջարկել, սակայն կրկին մերժել է: Բայց ԱԱԾ ընդունելությունների տան հարեւանությամբ այս օրերին առանձնատուն է կառուցվում, որը ձեւակերպված է ռուսաստանաբնակ գործարար «Էմ Բի Կապիտալ» ընկերության սեփականատեր Կամո Ավագումյանի անունով: Հայտնի է, սակայն, որ այստեղ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է ապրելու: Իսկ ո՞վ է Կամո Ավագումյանը: Նա ՌԴ-ում «Մերսեդես» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչը ՌԴ-ում»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հաղթանակը ստիպել է նախագահի այլ հավակնորդների վերանայել նախագահական ընտրություններին իրենց մասնակցության հնարավորությունը: ԱՀ 228 համայնքներից 150-ում հաղթել էին «Ազատ հայրենիքի» ներկայացուցիչները: Համայնքներում հաղթած ոչ կուսակցական թեկնածուների մի մասն էլ գրավոր կամ բանավոր դիմել է «Ազատ հայրենիքին» անդամակցելու համար: Նման իրավիճակում մյուս թեկնածուները կարծում են, որ իրենց մասնակցությունը կարող է ավարտվել, մեղմ ասած, կանխորոշված անհաջողությամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր պատասխանատուներից Յուրի Խաչատուրովին: Հակառակորդի հնարավոր հարձակման մասին 2016-ի ապրիլին հայկական կողմը տեղյակ եղե՞լ է, թե անակնկալ հարձակում է եղել, եւ միանգամից անցել են պաշտպանության: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կոնկրետ հարցմանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված ՊՆ աշխատակիցները դռնփակ նիստի ժամանակ պատասխանել են, թե ամեն ինչ արվել է օրենքով: Ասել է թե՝ առայժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրված անձինք որեւէ աղմկալի խախտման մասին հանձնաժողովին չեն հայտնել: Ի դեպ, նկատենք, որ հանձնաժողովն արդեն 4 ամիս է, ինչ ուսումնասիրություն է սկսել, եւ մինչեւ օրս ՊՆ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որեւէ մեկին չեն կանչել հանձնաժողով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանն առաջիկա օրերին պատրաստվում է իր նոր կուսակցության հիմնադիր համագումարին։ Համագումարի օրն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն, ըստ լուրերի, մինչեւ ամսվա վերջ այն տեղի կունենա, որպեսզի Բաբայանը հասցնի այդ կուսակցությամբ մասնակցել Արցախի խորհրդարանի 2020-ին կայանալիք ընտրություններին։ Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կկոչվի «Ժողովրդավար հայրենիք», կառաջնորդի Սամվել Բաբայանը։ Հիշեցնենք, որ 2007 թվականին Բաբայանը ղեկավարում էր «Դաշինք» անվամբ կուսակցություն, սակայն մեզ ասացին, որ այն Արցախում գրանցված չէ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է՝ այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն նաեւ ՀՀ բնակչության համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եվ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ այցելի Հայաստան, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել անմիջապես նրա հետ: Բայց, մյուս կողմից, հայկական կողմը հույս ունի, որ կկարողանա բանակցությունների շնորհիվ հասնել 30 տոկոսի փոփոխությանը: Բայց, ըստ մասնագետների, գազի գնի բարձրացումը ՀՀ բնակչության համար անխուսափելի է: Այս առիթով վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Գազի գնի հարցը միշտ էլ քննարկում ենք, բայց տոկոսի մասին հարց չկա: Արդյունքը պարզ կլինի բանակցություններից հետո»: