24.11.2024
Փորձագետ. Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է, որպես ռազմավարական գործընկեր
prev Նախորդ նորություն

Իդլիբի հարցում հակաահաբեկչական պայքարի հանգուցալուծումն անորոշ է. արևելագետ

Սեպտեմբերի 16-ին Անկարայում կայանալու է սիրիական թնջուկի հանգուցալուծմանը միտված Աստանայի ձևաչափի երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի նախագահների թվով 5-րդ գագաթնաժողովը։

Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով, հակամարտության ներկա շրջափուլում առավել էական են Իդլիբի և Եփրատից արևելք քրդաբնակ շրջաններում հնարավոր անվտանգության գոտու ձևավորման խնդիրները։ Փորձագետի համար կասկածից վեր է՝ հենց դրանք են լինելու բանակցությունների օրակարգում․ երկու ուղղությամբ էլ առանցքային դերակատարում ունի Անկարան։


«Եթե Իդլիբի հարցում հակաահաբեկչական պայքարի հանգուցալուծումն անորոշ է, իսկ Թուրքիայի ազդեցությունը ոչ բավարար արդյունավետ, ապա Եփրատից արևելք թուրք-ամերիկյան գործողություններն ավելի առարկայական են, ժամանակային առումով՝ ավելի չափելի (մինչև սեպտեմբեր ամսվա վերջը), իսկ ԹՀ իշխանություններն առավել վճռական»,- նշում է Պետրոսյանը։


Նրա խոսքով, Անկարայում կայանալիք գագաթնաժողովից ամենաառարկայական սպասելիքները, թերևս, կարելի է պայմանավորել սակարկությունների նոր ենթափուլով՝ զիջումներ Անկարայի կողմից Իդլիբում՝ ձևավորվելիք անվտանգության գոտու հարցում գործընկերների՝ Մոսկվայի և Թեհրանի առավել լայն համախոհությանն արժանանալու համար։ Այս ուղղությամբ, նշում է Արմեն Պետրոսյանը, Թուրքիայի իշխանությունները դեռևս լուրջ տարաձայնություններ ունեն նաև ԱՄՆ-ի հետ։ Իսկ Անկարայի գագաթանաժողովի ուղղակի արդյունքների մասին հնարավոր կլինի առավել առարկայական դատողություններ անել արդեն առաջիկա օրերին՝ հենց Սիրիայի հյուսիսում ակնկալվող զարգացումները վերլուծելով։


«Ի դեպ, Անկարայի գագաթնաժողովի նախօրեին Դամասկոսում ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ են հանդիպել հիմնախնդրի գծով ՌԴ նախագահի ներկայացուցիչները՝ հստակեցնելու համար նաև Դամասկոսի դիրքորոշումը, որը բանակցություններում փաստացի ներկայացնելու է Վլադիմիր Պուտինը»,- հավելել է արևելագետը։