Միլիոնների վնաս. բացահայտվել է Ավշարում ապօրինի հանքարդյունաբերության դեպք
Ոստիկանությունը այսօր հաղորդում է, որ բացահայտել է Ավշարում ապօրինի հանքարդյունաբերության դեպք, որի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 95 միլիոն 797 հազար դրամի վնաս:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ և առանց հատուկ թույլատվության 2013-2015 թվականներին իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։
«Տեղեկությունների հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 2013 թվականի մարտին ընկերությունը ձեռք է բերել մեկ այլ ընկերության հանքարդյունաբերական սարքավորումները, նրան է փոխանցվել նաև Արարատի մարզի Ավշար համայնքի վարչական տարածքում գտնվող, ենթավարձակալված, ընդհանուր 10 հեկտար տարածքը, որն այդ ժամանակ գտնվել է գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալու գործընթացում», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ այս պահին եղած քննությանը հայտնի տվյալների՝ ընկերությունը նման պայմաններում 2013 թվականի մարտից մինչև 2016-ի մարտ կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ «Այդ ընթացքում արդյունահանվել է 2649,6 քմ մակերեսով՝ 9717,9 խմ ծավալով տրավերտինի հանքաքար, որից շուրջ 9379,7 խմ-ն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթավորման՝ կանխիկ եղանակով իրացվել է։ Ըստ այս պահին հայտնի տվյալների՝ պետությանը պատճառվել է շուրջ 95,797,000 դրամի նյութական վնաս», - փոխանցում է Ոստիկանությունը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն: