Վրաստանի և Հարավային Օսիայի իշխանությունները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել
Ուրբաթ առավոտյան Վրաստանի և Հարավային Օսիայի իշխանությունները միմյանց մեղադրել են սահմանին իրավիճակը սրելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Հարավային Օսիայի իշխանությունները պահանջում էին Վրաստանից մինչև ուրբաթ առավոտյան հանել Ուիստա (Ծնելիս) բնակավայրի հարևանությամբ սահմանին տեղակայված ոստիկանական հենակետը, հակառակ դեպքում նրանք խոստացել էին դիմել պաշտպանության համար «իրավական մեթոդների»:
Ուրբաթ առավոտյան Վրաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ «անհանգստություն է հայտնում» Հարավային Օսիայի իշխանությունների կողմից Չորչան գյուղի մերձակայքում ռազմական տեխնիկայի և անձնակազմի ենթադրյալ մոբիլիզացիայի կապակցությամբ: Գերատեսչությունը կարծիք է հայտնել, որ դա «ավելի է սրում անվտանգության միջավայրը»:
Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Վրաստանը կատարում է բոլոր պարտավորությունները և հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը և կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել սահմանին տեղի ունեցածին:
Իր հերթին Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն հայտարարել է, որ վրացական իշխանությունները «սրում են» իրավիճակը սահմանին: «Պետական անվտանգության կոմիտեն նախազգուշացնում և ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ վրացական կողմի գործողությունները Ուիստա գյուղի շրջանում, ուղղակի սպառնալիք են իրավիճակի ապակայունացմանը: Այս գործի ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես վրացական կողմը», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ: